Բավ է պառակտվել
26-10-2020 11:54

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում, հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված  կրակի դադարի մասին պայմանավորվածությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում, տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նա հայտնում է, որ հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:
Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը, հայտնում են ՊԲ-ից:

«Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում», - ասված է ԱՀ ՊԲ հաղորդագրության մեջ:

Արմինե Գևորգյան