Բավ է պառակտվել
12-10-2020 14:42

Առաջնագծի տարբեր ուղղություններով թշնամին կրկին նախահարձակ գործողությունների է անցել

Պաշտպանության բանակը հաղորդում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ:

«Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը», - ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանության բանակը տեղեկացնում է նաև, որ Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը:

«Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին», - ասված է հաղորդագրությունում։

Արմինե Գևորգյան