Բավ է պառակտվել
10-11-2021 19:41

Ադրբեջանի սադրանքները ստիպում են պաշտպանական նոր մեթոդներ կիրառել․ Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը չորեքշաբթի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, անվտանգության խորհրդի քարտուղարի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ անվտանգային հարցերով խորհրդակցություն է հրավիրել: Այս մասին հայտնում է նախագահի մամլո ծառայությունը։

Նա նշել է, որ չնայած 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ավարտից հետո լայնածավալ աշխատանքներ կատարվել են բնակչության անվտանգության ապահովման համար, սակայն հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի հրահրած սադրանքները, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորների, ստիպում են պաշտպանական նոր մեթոդներ կիրառել: Նրա խոսքով, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ փոխգործակցության սկզբունքով քայլերն են նախատեսվում:

Ինչպես տեղեկացրել էր Արցախի ԱԱԾ-ն նոյեմբերի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցներ են արձակվել ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ իրականացնող «Ջրմուղ կոյուղի», ՓԲԸ աշխատակիցների վրա: Կրակոցների հետևանքով մեկը տեղում մահացել է, իսկ երեք հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն:

Ավելի վաղ Արցախում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ադրբեջանցի դիպուկահարների կրակոցից զոհվել էր քաղաքացիական անձ հանդիսացող տրակտորիստը, ընդ որում տրակտորում նրա կողքին նստած է եղել ռուս խաղաղապահ։