Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին վերջնագրերին։
Նախօրեին Ալեեւն ասել էր, որ «Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչները պետք է ընտրություն կատարեն՝ կա՛մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը, կա՛մ ապրելու այլ տեղ փնտրել»։
«Կարծում էի, որ պարոն Ալիևը լավ խորհրդականներ ունի, բայց, ինչպես երևում է այս հայտարարություններից, նրանք անպիտան են։ Խորհուրդ կտայի աշխատանքից ազատել նրանց, որովհետև որքան շատ է հնչում այս հռետորաբանությունը, որքան ավելի կոշտ ու դաժան է այն դառնում, այնքան մեծանում է հավանականությունը, որ վաղ թե ուշ պարոն Ալիևը ստիպված է լինելու կանգնել Հաագայի միջազգային դատարանի առաջ»,- ասել է Վարդանյանը ,- Business FM-ին տված մեկնաբանության մեջ:
Նա նշել է, որ դժվարանում է պատկերացնել, թե ինչ միջոցներով է ադրբեջանական պետությունը 120 հազար հայերին կարողանալու վտարել իրենց հայրենիքից:
«Ամեն դեպքում, դա կլինի մարդկության դեմ հանցագործություն: Եվ որքան մեծանում է ուժի սպառնալիքի լեզվով ճնշումն արցախցիների վրա, այնքան ավելի են նրանք համախմբվում և կողք կողքի կանգնում։ Այս իմաստով սա ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում»,- վստահ է նախկին պետնախարարը։
Վարդանյանը կրկնել է, որ միակ ճանապարհը նորմալ բանակցություններն են, որտեղ Ադրբեջանը պետք է ճանաչի մյուս կողմին՝ Արցախի Հանրապետությունը, Արցախի ընտրված առաջնորդներին։ «Իսկ միջազգային հարթակում միջազգային ներկայացուցիչների մասնակցությամբ նորմալ բանակցություններ պետք է վարի՝ գիտակցելով, որ հակառակ պարագայում սա ճանապարհ է, որն իրեն ոչ մի տեղ չի տանելու»,- ընդգծել է նա։