Բավ է պառակտվել
23-12-2019 12:42

Ռազմական գործողությունների վտանգն էականորեն մեծացել է․ Դավիթ Շահնազարյան

Բանակցային գործընթացում այսօր ունենք մեզ համար ձեռնտու օրակարգի կորուստ. խոսքը Վիենա-Սանկտ Պետերբուրգ-Ժնև օրակարգի մասին է: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով բանակցային գործընթացին:
«Դեռ 2012 թվականից այս հարցը քննարկվում էր, իսկ 2016-ի ապրիլից հետո սա միակ հարցն էր, և խոսքը վերաբերում էր Արցախ-Ադրբեջան շփման գծին, այլ հարց չէր քննարկվում, իսկ Ադրբեջանը ծուղակի մեջ էր: Ցավոք սրտի, հիմա այդ օրակարգը կորցված է հենց Հայաստանի իշխանությունների ջանքերով»,- ասաց նա:
Շահնազարյանը ասում է,որ ՀՀ ներկայիս իշխանությունները, գալով իշխանության, անմիջապես հարց բարձրացրեցին, որ Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է անպայման մասնակցեն բանակցային գործընթացին:

«Դա արվել էր լրիվ ոչ պրոֆեսիոնալ ձևով: Ներկա իշխանություններին թվում էր, թե մի հայտարարությամբ դա կարելի է անել՝ չհասկանալով, որ դա տարիների բազմակողմանի աշխատանքի արդյունք է: Ունենք մի իրավիճակ, երբ այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքն, ըստ էության, լեգտիմություն է ստանում: Այդ մասին արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող պետությունների ներկայացուցիչն են նշել: Միջազգային վերլուծական կենտրոնները հիմա առաջ են քաշում այդ չափազանց վտանգավոր հարցը»,- ասաց բանախոսը:
Ըստ Շահնազարյանի բանակցությունների հիմքում ընկած ինքնորոշման հարցը էապես թուլացել է, և ներկայիս իշխանությունները գրեթե այդ հարցը չեն հետապնդում:
«Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականության արդյունքում Ադրբեջանը ստացել է նոր, մեծ քանակությամբ փաստարկների զինանոց, որ կարող է միջազգային հանրության առաջ արդարացնել իր, այսպես ասած, հերթական ռազմական հարձակումը: Նրա խոսքով, ցավալի հանգամանք է այն, որ առաջին անգամ միջազգային հանրությունն ու Ադրբեջանը մի դիրքում են, Հայաստանը, կարծես թե, մի այլ դիրքում, այդ իմաստով մեկուսացված է:»,- նշեց նա:
Շահնազարյանի խոսքով ռազմական գործողությունների վտանգն էականորեն մեծացել է և պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի։
«Սեղանին դրված է, այսպես կոչված, փուլային տարբերակ։ Սա ասվել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի կողմից։ Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ կարգավիճակի հարցը դրվում է մի կողմ։ Բանակցությունների սեղանին դրված է շրջանների հանձնման փաստաթուղթ։ Սա բացարձակ աբսուրդ է։ Պատկերացրեք, եթե անգամ համաձայնություն է լինելու ինչ որ մի քանի գյուղեր «վերադարձնել» Ադրբեջանին, ինչ կսկսվի Արցախի Հանրապետությունում: Արդյոք կա երաշխիք, որ այս դեպքում արցախցին ամուր կմնա իր հողի վրա, ինչպես մինչև հիմա մնացել է: Սա է վտանգի տակ դրվում: Ովքեր կողմ են դրան, առաջին հերթին թող գնան Մատաղիսում բնակություն հաստատեն, նոր դրանից հետո փորձեն դա անել»,- ասաց վերլուծաբանը:
Ըստ Շահնազարյանի՝ Հայաստանի իշխանությունների նպատակն է՝ Արցախում ձևավորել իրենց ամբողջապես ենթակա իշխանություն, որոնք նույնպես համաձայնություն կտան այս՝ փուլ առ փուլ տարբերակին:
«Վերջերս, բոլորովի հանկարծ, իմացել եմ, որ ՀՀ արտաքին քաղաքականության տրամաբանության փոփոխություն է եղել: Իսկ այս ազդակները շատ անհանգստացնում են ոչ միայն իրենց, այլևս ընդհանրապես միջազգային հանրությանը, փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում»,–ասաց Շահնազարյանը:

 

Արմինե Գևորգյան