Բավ է պառակտվել
20-02-2017 15:47

Ղարաբաղի հանրաքվեն չի որոշում նրա կարգավիճակը, բայց ազդում է բանակցային գործընթացի վրա. փորձագետ

Լեռնային Ղարաբաղի Սահմանադրական հանրաքվեն չի որոշում երկրի վերջնական իրավական կարգավիճակը, բայց ազդում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա՝ նման կարծիք է հայտնել Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Այսօր՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի է ունենում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որով նախատեսվում է երկրի անվանափոխում, և կառավարման կիսանախագահական համակարգից անցում նախագահական համակարգին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները համընկնում են Հայաստանի պաշտոնական դիրքորոշման հետ, որը նույնպես կողմ է հանդես գալիս բանակցությունների արդյունքում վերջնական իրավական կարգավիճակի որոշմանը: Բայց կասկած չկա, որ այս բոլոր գործընթացները՝ և՛ ընտրությունները, և՛ սահմանադրական բարեփոխումները ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում են բանակցային գործընթացի արդյունքների վրա»,- երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Սերգեյ Մինասյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) հայտարարությունում նշվում է, որ հանրաքվեի արդյունքները չեն կարող ազդել Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա: Միևնույն ժամանակ փաստաթղթում ընդգծվում է, որ հանրաքվեն՝ Ղարաբաղի իշխանությունների կողմից բնակչության հասարակական կյանքը կազմակերպելու փորձ է:
Քաղաքագետը նշում է, որ այդպիսով ոչ ոք չի փորձում հարցականի տակ դնել հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը.« Նույնիսկ չունենալով միջազգային վերջնական կարգավիճակ, այդ պետական միավորը պետք է ունենա ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանություն, իսկ քաղաքական գործընթացներն այդ տարածքում պետք է անցնեն՝ ինչպես-որ հարկն է:- ասել է Մինասյանը:
Քաղաքագետը նաև նշել է, որ իր կարծիքով տվյալ կոնտեքստում միջազգային հանրության հայտարարությունները այնքան էլ կարևոր չեն, չնայած, ընդհանուր առմամբ, հաշվի առնելով դիվանագիտական տերմինաբանության յուրահատկությունները պետք է նշել, որ դրանք հիմնականում դրական են:« Գործընթացն ավելի կարևոր է, քան հայտարարությունները»,- ասել է Մինասյանը՝ ձեռնպահ մնալով Ադրբեջանի արձագանքը մեկնաբանելուց: