Ադրբեջանի հետ «վերաինտեգրման» վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական դիրքորոշումը հայտնի է. դա անընդունելի է, ինչպես և միասին ապրելու ողջ գաղափարն, ասել է Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը՝ «100 օր․ շրջափակված Արցախ» խորագրով տեսակամուրջի ժամանակ։
«Մշտական սադրանքներն ու շրջափակումը դրա վառ հաստատումն են։ [...] Այնուամենայնիվ, Արցախը շարունակելու է ավելի վաղ իրագործված ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման համար պայքարը»,- ընդգծել է նախարարը։
Նրա խոսքով, երկար տարիներ բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Երեք խոշոր պետություն, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են, երկար տարիներ ուղեկցել են գործընթացին:
«Նրանք մինչ օրս պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար։ Իսկ 44-օրյա պատերազմի հետեւանքների առումով նրանցից յուրաքանչյուրը կրում է պատասխանատվության իր բաժինը։ Նրանք անընդհատ հայտարարություններ էին անում, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այդուհանդերձ, Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա պատերազմ, և դրա ավարտից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը նրա նախագահն ուղղակիորեն հայտարարեց ռազմական ճանապարհով խնդրի վերջնական լուծման մասին»,- ասել է Ղազարյանը։
Այս իրավիճակը, նրա կարծիքով, անընդունելի է։ Հայկական կողմերը վճռական էին համապարփակ լուծում գտնելու հարցում, իսկ Ադրբեջանը գնաց այլ ուղղությամբ՝ նախապատրաստելով ռազմական ագրեսիա։
«Այնուամենայնիվ, չնայած շրջափակման հետ կապված բոլոր դժվարություններին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հավատարիմ է ընտրած ուղուն և ակնկալում է մեր բոլոր հայրենակիցների և գործընկերների աջակցությունն»,- ասել է արտգործնախարարը։
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանում է գազի մատակարարումն Արցախ։ Հունվարի 9-ից չի գործում Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչի պատճառով էլ Արցախում հունվարի 11-ից հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։
Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։