Բավ է պառակտվել
10-03-2022 11:59

ՌԴ-ն դուրս չի բերում խաղաղապահներին Ղարաբաղից Ուկրաինա ուղարկելու համար․ ԼՂ ԱԽ

ԼՂ Անվտանգության խորհուրդը խաղաղապահ զորախմբի հետ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ Ադրբեջանին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին։

ԼՂ Անվտանգության խորհուրդը ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական տեղեկատվական հարթակների հաղորդագրությունները Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների մի մասի դուրսբերման մասին:

Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին օրերին Ադրբեջանը պահվածք է դրսևորում՝ տարբեր տեսակի զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից գնդակոծելով Արցախի պաշտպանության բանակի դիրքերը և բնակավայրերը։

Սադրանքների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը, Բաքուն ցանկանում է խուճապ առաջացնել նրանց մեջ։

«Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին»,- ասվում է հաղորդագրությունում։

Անվտանգության խորհուրդը նաեւ հայտնել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, որ Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով, չի համապատասխանում իրականությանը: Իրավիճակը վերահսկվում է Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահների կողմից։ ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: