Բավ է պառակտվել
28-01-2023 21:06

Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը կարող են համատեղ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա. Արցախի պետնախարար

Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն կարող են միավորվել այս հակամարտության շուրջ և իրապես մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Նման կարծիք է հայտնել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆրանսիական հեղինակավոր France TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում։

«Հավատում եմ, որ սա այն խնդիրն է, երբ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի պես մեծ երկրների շահերը համընկնում են․ փրկել ժողովրդավարությունը, փրկել իրենց սեփական հողի վրա հազարամյակներ ապրող փոքր ազգին։ Ուստի ես որևէ հակասություն չեմ տեսնում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև, որպեսզի ընդհանուր, մեծ ճնշում գործադրեն Ալիևի և նրա վարչակարգի վրա»,- ասել է նա։

Վարդանյանը նշել է, թե ինչ է ակնկալում Արցախը միջազգային Եվրոպայից, Ռուսաստանից և այլ երկրներից։ «Ես եվրոպացիների, Ռուսաստանի և մյուս երկրների առաքելությունը տեսնում եմ մեզ համար օդային միջանցք բացելու մեջ։ Կարևորագույն առաքելությունը և մեզ օգնելու քայլը կլինի օդային ճանապարհը, որը թույլ կտա, որ մարդասիրական փոխադրումներ իրականացվեն դեպի Ստեփանակերտ: Հակառակ դեպքում մենք միշտ Ադրբեջանի կողմից վերահսկվող ցամաքային ճանապարհով սնունդ և այլ անհրաժեշտ բաներ ստանալու խնդիր կունենանք»,- ասել է նա։։

Հարցին, թե արդյոք զրուցե՞լ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Արցախի պետնախարարը նշել է, որ նախագահ Պուտինին հասանելիություն չունի։

«Ես գտնվում եմ շրջափակման մեջ, որտեղ մարդիկ ունեն պարենի, էլեկտրաէներգիայի սղություն։ Ես իմ ժողովրդի հետ եմ, ովքեր 35 տարի շարունակ իսկապես պայքարում են անկախության համար։ Եվ ես ոչ մի հասանելիություն չունեմ որևէ մեկին, քանի որ ես Ստեփանակերտում՝ շրջափակման մեջ եմ։ Այս իրավիճակն արդեն իսկ շատ պատասխանատվություն է դրել ինձ վրա, որ, որպես պետական նախարար, լինեմ իմ ժողովրդի հետ»,- ասել էՎարդանյանը։

Խոսելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասին՝ պետնախարարը շնորհակալություն է հայտնել նրան հայ ժողովրդին, Արցախի ժողովրդին ցուցաբերած օգնության համար։

«Չնայած բոլոր դժվարություններին՝ հարկավոր է, որ նախագահ Մակրոնը շարունակի ճնշումը և ներգրավի ողջ ֆրանսիական հանրությանը, որպեսզի Եվրոպային ցույց տա, որ չենք կարող անտարբեր լինել, որ պետք է ճնշում գործադրենք մի պետության վրա, որը չունի օրենք, ժողովրդավարություն։ Անհրաժեշտ է ապաշրջափակել ճանապարհը, օդային միջանցք ապահովել մարդասիրական փոխադրումների համար և վերջ ի վերջո ճանաչել Արցախի անկախությունը։ Սրան է ուղղված վերջին 35 տարիների մեր պայքարը, որը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովման երաշխիքն է»,- ընդգծել էՎարդանյանը։