Բավ է պառակտվել
18-08-2022 10:27

Ռուս խաղապահները չեն հեռանա Լաչինի միջանցքից մինչև չգործարկվի Հայաստան-Արցախ նոր ճանապարհը․ դիվանագետ

Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։
Դիվանագետն ընդգծել է, որ այս կապակցությամբ պայմանավորվածություններ կան և կողմերը ուղիղ կապի մեջ են, չմանրամասնելով, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը։
«Ռուսաստանյան խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ Լաչինի նոր միջանցքը կբացվի։ [2020թ. նոյեմբերի 9-ի] եռակողմ հայտարարությունում նշված են քայլերը, քայլերի հերթականությունը․ նախ կառուցվում է միջանցքը, և մինչ այն սկսում է գործել՝ ռուսաստանցի խաղաղապահները զբաղեցնում են հինգ կիլոմետրանոց միջանցք այդ ճանապարհի շուրջ», - նշել է Սելեզնյովը:
Օգոստոսի սկզբին՝ նախքան ադրբեջանական զինուժի կողմից Արցախի գնդակոծումները, Ստեփանակերտը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների միջոցով պահանջել է Հայաստանի հետ կապը նոր երթուղով կազմակերպել։ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը լաչինի միջանցքի վրա ընկած համայնքների՝ Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին հայտնեց, որ օգոստոսի 25-ից հետո ռուսական զորք այդ տարածքում չի լինելու, ուստի անհրաժեշտ է մինչև ամսվա վերջ լքել տները:

Պաշտոնական Երևանը մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունն արդեն սկսվել է։ 11,8 կմ երկարությամբ ճանապարհը սկսվում է Ստեփանակերտ- Բերձոր մայրուղու 36-րդ կմ-ից՝ Բերձորի ենթաշրջանի Մեծ Շենի խաչմերուկից։ Նախատեսվում է բոլոր տեսակի, այդ թվում՝ բետոնային աշխատանքներն ավարտել մինչև 2023 թվականի գարնան սկիզբ։