Բավ է պառակտվել
13-11-2021 12:27

Շուշիի անցակետի մոտ նռնակի պայթյունի միջադեպից հետո ռուս խաղաղապահները Արցախի քաղաքացուն կհանձնեն հայկական կողմին. ՄԻՊ

Շաբաթ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ​​ավտոճանապարհի Շուշիի հատվածում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Արցախի քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում, հայտնել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

«Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն կայցելի քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։

«Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում»,- հավելել է Ստեփանյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Արցախի ԱԱԾ-ն, շաբաթ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ​​ճանապարհին Շուշի քաղաքի անցակետի մոտ, ի պատասխան ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողությունների, անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել դեպի անցակետի հատվածում, ինչից հետո երկկողմանի փակվել է Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր ճանապարհը։ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր ավտոճանապարհն այս պահին երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։։

Հիշեցնենք, որ Արցախում նոյեմբերի 8-ի ցերեկը Շուշիի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող «Ջրմուղկոյուղիլ» ՓԲԸ-ի աշխատակիցների վրա։ Նրանցից մեկը տեղում մահացել է, երեքը՝ վիրավորվել և հոսպիտալացվել։ Մի քանի շաբաթ առաջ Արցախում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից տրակտորիստ էր զոհվել,ընդ որում տրակտորում նրա կողքին նստած է եղել ռուս խաղաղապահ։ Արցախի իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպը, այն գտնվում է նաև խաղաղապահ զորախմբի հրամանատարության վերահսկողության ներքո։