Բավ է պառակտվել
22-01-2021 11:20

Որոնողական աշխատանքներն իրականացվում են անհետ կորած զինծառայողների ծնողների մասնակցությամբ

Մարտական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ, տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Հայտնի է քաղաքացիական անձանց ինքնությունը: Հադրութի Դրախտիկ գյուղում հայտնաբերվել է տարեց կնոջ՝ Մարինա Հայրապետյանի մարմինը: Հադրութի Ազոխ գյուղից՝ այգում, հայտնաբերվել են Սերժիկ Ավագյանի և Յուրա Առուշանյանի մարմինները: Նրանք նույնպես տարեց անձինք են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն քաղաքացիական անձանց զոհվելու հանգամանքները պարզելու համար: Ջրականում (Ջաբրայիլ) հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն, որը նախնական տվյալներով, կամավորական է:

Ընդհանուր առմամբ՝ առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1251 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումները շարունակվում են՝ Ֆիզուլու, Բերձորից հարավ՝ Իշխանաձորի ու Այգեհովիտի, ինչպես նաև Որոտանի Դավթոմաս ուղղություններով»,-հայտնել է Թադևոսյանը:
Նա նաև հավելել է, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են անհետ կորած զինծառայողների ծնողների մասնակցությամբ: