Բավ է պառակտվել
27-11-2022 15:54

Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը. Ռուբեն Վարդանյան

Արցախը առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը։ Այս մասին RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել Ադրբեջանական ԽՍՀ-ից մինչև ԽՍՀՄ փլուզումը։

«Արցախն ինքնորոշվել է առանց Հայաստանի: Ավելին, Լեռնային Ղարաբաղը անջատվեց և դուրս եկավ Ադրբեջանի կազմից դեռևս այն ժամանակ, երբ Խորհրդային Միություն գոյություն ուները: Այս առումով, իրոք, ինչ-որ երկակիություն կա նրանում, որ Լեռնային Ղարաբաղը՝ ԼՂՀ-ն դուրս եկավ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից մինչև ԽՍՀՄ փլուզումը։ Եվ մինչև 1994 թվականը Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը հակամարտության մաս էր, այն կողմերից մեկը, որը ներկայացնում էր Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի շահերը»,- RTVI-ի հետ հարցազրույցում ասել է Արցախի պետնախարարը։

Հետո, ըստ նրա, մի քանի տարի անց այնպիսի իրավիճակ եղավ, որ Հայաստանի նախագահ դարձավ Ղարաբաղի նախագահը (1998թ. Ռոբերտ Քոչարյանը՝ խմբ.), և Ղարաբաղի շահերը սկսեց ներկայացնել Հայաստանը։

Այժմ, նշել է նա, իրավիճակը փոխվել է, և Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախում ապրող ժողովուրդը։

Վարդանյանի ծրագիրը

Պետնախարարն ասել է, որ իր գլխավորած կառավարության ծրագիրն ուղղված է լինելու Արցախի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելուն։

«Առաջինը՝ Արցախի կարգավիճակի հարցն է. ոչ միայն հարցի իրավական կողմը, այլ նաև միջազգային տիրույթում Արցախի դիրքավորման հարցը:Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը:Սա հսկայական աշխատանք է պահանջում։

Երկրորդն անվտանգությունն է։Պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի հայության կյանքին վտանգ չսպառնա: Անվտանգությունը պետք է ապահովեն ինչպես իրենք՝Արցախի բնակիչները, այնպես էլ մեր միջազգային գործընկերները՝ նկատի ունեմ և՛ խաղաղապահներին, և՛ ամբողջ միջազգային հանրությունը։Որովհետև գործ ունենք նաև հումանիտար աղետի հետ, այլ ոչ միայն ռազմական: Եվ երրորդը, իհարկե, Արցախի սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացումն է»,- ընդգծել է Վարդանյանը։

Արցախը՝ «կարմիր գիծ».

Նա հայտարարել է, որ երբեք չի միջամտել (Հայաստանի) գործող և նախորդ նախագահների քաղաքական գործունեությանը և հիմա ևս չի պատրաստվում միջամտել, սակայն Արցախն իր համար «կարմիր գիծ» է։

«Ես մշտապես շատ հետևողականորեն ասել և հրապարակային հայտարարել եմ, որ Արցախն ինձ համար կարմիր գիծ է, և այս տեսանկյունից ես անթույլատրելի եմ համարում, որ հայկական էլիտան պարզապես հետևի, թե ինչ է տեղի ունենում Արցախում և ոչինչ չանի»,- ասել է Վարդանյանը։

Հայերի մասնակցության մասին

Խոսելով Արցախի զարգացմանը մասնակցել ցանկացողների մասին՝ Վարդանյանը նշել է, որ մեծ թվով մարդիկ են գալիս հանրապետություն։

«Ուրախ եմ, որ մենակ չեմ այս հարցում, երախտապարտ եմ, որ մարդիկ գալիս են ոչ միայն աշխատելու, այլև բիզնես հիմնելու, ապրելու նպատակով: Սա ցույց է տալիս, որ մարդիկ հավատում են և ուզում են առավելագույնս օգնել Արցախի բնակիչներին, լինել նրանց հետ»,- ընդգծել է պետնախարարը։

Վարդանյանի խոսքով, աշխարհում ավելի քան 500 հազար հայ արցախյան արմատներ ունի, և նրանցից շատերն իսկապես մտահոգված են ու ամեն կերպ ցանկանում են օգնել իրենց հայրենքին:

«Կարևոր է, որ ճիշտ պատկերը ունենան այն ամենի, ինչ հիմա մենք անում ենք, պատկերացնեն, ում հետ են համագործակցում: Նրանք պետք է տեսնեն այդ ծրագրերի իրականացման թափանցիկ համակարգ: Այդ իմաստով նրանք հնարավորություն ունեն մասնակցել ինչպես անհատապես, այնպես էլ փորձագիտական-խորհրդատվական մեխանիզմների միջոցով, կարող են օգնել իրենց կապերով, փորձով, ինչը շատ կարևոր և անհրաժեշտ է: Որպեսզի փոխենք իրավիճակը, բոլորս պետք է միավորվենք: Արցախի ապագան այսօր կարևոր է ոչ միայն Արցախում ապրող մարդկանց ճակատագրի, այլև ողջ հայկական աշխարհի ապագան կանխորոշելու տեսանկյունից»,- շեշտել է Ռուբեն Վարդանյանը։

Ռազմական գործողությունների դադարեցման մասին

Վարդանյանն անդրադարձել է ռազմական գործողությունների դադարեցման հարցին։ Նրա խոսքով, պետք է գիտակցել, որ այս 30 տարվա ընթացքում տարբեր փուլեր են եղել.

«Այս իմաստով, եթե մենք ողջ ընթացքում շարունակում ենք ռազմական հռետորաբանությունը, դա փակուղի է, քանի որ պարբերաբար այս կամ այն երկրում ի հայտ են գալու դրական կամ բացասական հանգամանքներ...Եթե Ադրբեջանը նավթ չունենար, եթե Թուրքիան չորոշեր պատերազմում ներգրավվել այն ծավալով, որով ներգրավված էր, և բազմաթիվ այլ հանգամանքներ... Հիմա մի իրավիճակ է, վաղը ստեղծվելու է մեկ այլ իրավիճակ, և այդպես մենք անվերջ պատերազմելու ենք: Մենք պետք է մտածենք այն մասին, որ այսպես չի կարող անվերջ շարունակվել: Կարծում եմ՝ նաև ադրբեջանցի մայրերը չեն ուզում, որ նորից պատերազմ լինի, ու իրենց որդիները զոհվեն»,- ընդգծել է Արցախի պետնախարարը։

Թուրքիայի դերի մասին

Վարդանյանը նշել է, որ Թուրքիան միջնորդ չէ, այն հակամարտության կողմ է, (Ադրբեջանի) դաշնակից ու դա չի էլ թաքցնում։։ «Բայց կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումն առ այն, որ «ես ակտիվ մասնակից եմ», ոչ միայն Հայատանին դուր չի գալիս, այլ նաև Ադրբեջանին։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանում ոչ բոլորին է դուր գալիս, որ Թուրքիան այսքան ակտիվ և ագրեսիվ միջամտում է Ադրբեջանի ղեկավարության գործունեությանը»,- կարծիք է հայտնել Արցախի պետնախարարը։