Բավ է պառակտվել
17-11-2022 22:29

Ռուբեն Վարդանյանն Ալիևին առաջարկել է «ավելի կառուցողական տոնայնության անցնել» Արցախի հետ երկխոսության հարցում

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը` ողջունելով Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու նրա ցանկությունը։

Ըստ լրատվամիջոցների՝ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է խոսել հայերի իրավունքների և անվտանգության մասին Արցախում ապրող և ապրել ցանկացող հայերի հետ, «բայց ոչ այնպիսիների հետ, ինչպիսին է Մոսկվայի ուղարկած Վարդանյանը», ում, ըստ Ադրբեջանի նախագահի, «Մոսկվայից ուղարկել են շատ հստակ օրակարգով»։

«Արցախը պետք է սուբյեկտ լինի այս գործընթացում»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։

Վարդանյանը ողջունել է նաև միջազգային միջնորդությամբ ուղղակի բանակցությունների նոր ձևաչափի ստեղծումը՝ նշելով, որ միջազգային միջնորդների շարքում, ի թիվս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, անպայման պետք է ընդգրկված լինի Ֆրանսիան, որի սենատի՝ օրեր առաջ ընդունած բանաձևում կետ կար Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին։

«Կուզենայի նաև առաջարկել անցնել ավելի կառուցողական տոնի և պարզաբանումներ ստանալ, թե որն է, ըստ պարոն Ալիևի, իբրև թե իմ ունեցած «հստակ օրակարգը»։ Ես բազմիցս եմ ընդգծել, որ ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվել եմ՝ խուսափելու համար մեղադրանքներից, թե կարող եմ Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի: Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»», - ընդգծել է Վարդանյանը։

Արցախի պետնախարարը նաև նշել է, որ պատերազմը միշտ պատերազմ է բերում։

«Երբեմն դա տեղի է ունենում անգամ մի քանի սերունդ անց: Այսօր ագրեսիան դանդաղ գործողության ռումբ է՝ մեր երկու ժողովուրդների ապագա սերունդների համար: Դա նշանակում է, որ երկու կողմերի առաջնորդները պետք է ստանձնեն ողջ պատասխանատվությունը, և որքան էլ դժվար լինի, նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու դադարեցնեն արյունահեղությունը»,- գրել է Վարդանյանը։