Բավ է պառակտվել
01-09-2022 21:30

Ռուբեն Վարդանյանը որոշել է տեղափոխվել Արցախ և հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից

Գործարար և բարեգործ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ մտադիր է տեղափոխվել Արցախ և հրաժարվել ռուսաստանյան քաղաքացիությունից։

«Ես որոշել եմ տեղափոխվել Արցախ։ Այսօր արցախցիները հոգեբանական ծանր ճգնաժամ են ապրում, վստահություն չունեն վաղվա օրվա նկատմամբ։ Երկու պատերազմ տարած և անկախության համար պայքարում իրենց հարազատներին ու մերձավորներին կորցրած արցախցիներն իրենց լքված ու մոռացված են զգում։ Կարծում եմ, որ 2020 թվականի պատերազմից հետո մենք՝ ողջ աշխարհի հայերս, պարտավոր ենք արցախցիների հետ լինել։ Մենք պետք է նրանց աջակցենք ոչ միայն խորհրդանշական կերպով, այլև օգնենք գործնական աշխատանքով։ Սա հայության կենտրոնն է, որը մեզ համար միշտ եղել է իրական զորության վայր, և մենք չենք կարող թույլ տալ, որ այն ամենը, ինչ հազարավոր տարիներ ստեղծել են մեր նախնիները, մոռացության մատնվի։ Այդ պատճառով որոշեցի հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ», - ասել է նա իր տեսաուղերձում։

Վարդանյանի խոսքով՝ այդ որոշումն իրեն հեշտ չի տրվել, բայց նա վստահ է,որ դա է ճիշտը և հուսով է, որ ռուս գործընկերներն ու ընկերներն իր այս որոշումը կընդունեն ըմբռնումով՝ որպես իրենց բարեկամի որոշում։

Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Արցախում ներկա լինելու և խաղաղապահների ուժերով արցախցիների անվտանգությունն ապահովելու համար։
«Կարծում եմ, որ խաղաղապահների մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունն», - ասել է նա։

Վարդանյանը նաև դիմել է «մեր հարևաններին, որոնք հաճախ շատ ագրեսիվ հռետորաբանություն են գործածում»։

«Ուզում եմ նրանց ասել՝ դադարեցրեք սեղմել զսպանակը։ Սա վտանգավոր ու անհեռատես ճանապարհ է, և կիրառվող ուժն անպայման մի օր բումերանգի պես ետ կհարվածի։ Պետք է հասկանաք, որ մենք՝ հայերս, թույլ չենք տա, որ Արցախում էթնիկ զտումներ տեղի ունենան։ Մենք թույլ չենք տա, որ հայերին աստիճանաբար դուրս մղեք այստեղից։ Դա անհնար է, քանի որ սա հայության պատմական հայրենիքն է, սա հայոց ինքնության բնօրրանն է», - նշել է նա։

Նա իր երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանոմ Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններին, որոնք չգնացին Շուշի ու Հադրութ՝ հստակ նշելով, որ կարգավիճակը որոշված չէ։ Նա համոզված է, որ Արցախի ապագա կարգավիճակը կարող է որոշել միայն միջազգային հանրությունը, որտեղ անպայման պետք է ներկայացված լինեն բուն Արցախի բնակիչները և Ռուսաստանը, Ֆրանսիան ու Ամերիկան։

Վարդանյանը դիմել է նաև համաշխարհային հանրությանը

«Աշխարհում այսօր բազմաթիվ հակամարտություններ կան, և բոլորին անհանգստացնում են միայն նրանք, որոնք մոտ են իրենց սահմաններին։ Բայց այն, ինչ կատարվում է Արցախում, վերաբերում է բոլորին։ Սա պարզապես հինավուրց հող ու էթնոս չէ. սա քաղաքակրթության օրրաններից մեկն է, քրիստոնեության օրրաններից մեկն է: Եվ մշակութային, և էթնիկ զտումներն այստեղ անհնարին են ու աներևակայելի», - ընդգծել է նա։

Դիմելով հայրենակիցներին՝ Վարդանյանն ասել է, որ այսօր գրեթե նույն իրավիճակն է, ինչ 100 տարի առաջ, «երբ հայությունը, ուժերը հավաքած, առանց զենք ունենալու հրաշք գործեց՝ Սարդարապատում կանգնեցնելով թշնամուն»։

«Սարդարապատը սոսկ ճակատամարտ չէ, այն ազգի վերածննդի և ամենադժվար ու օրհասական պահին պաշտպանվելու կարողության խորհրդանիշն է։ Հիմա համայն հայության համար վրա է հասել գոյաբանական Սարդարապատը։ Նո'ր Սարդարապատը։ Այն ռազմական չէ, այլ նման է ճառագայթման, որը չես տեսնում ու չես զգում, և քեզ թվում է, թե ոչինչ չի կատարվում։ Իրականում սակայն ճառագայթումը ոչնչացնում է ապրող ամեն բան: Մենք պետք է արթնանանք։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ամեն բան անի, որ կասեցնի այս աղետը, որը մահացու է լինելու՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում», - ասել է Վարդանյանը։

Գործարարը նշել է, որ սեփական օրինակով ուզում է ցույց տալ, թե որքան կարևոր է Արցախը բոլորի համար։

«Մենք միասին պետք է ստեղծենք Արցախի զարգացման հստակ ծրագիր և դարձնենք իրականություն՝ համակարգված և մասնագիտորեն կյանքի կոչելով այն։ Հակառակ դեպքում կկորցնենք մեր ազգի հենարանը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Արցախը դառնա ուժեղ, անվտանգ, զարգացած, երջանիկ, դարձնել այն հայության կենտրոն, ինչպես նաև համաշխարհային կենտրոններից մեկը: Եվ համոզված եմ, որ դրա համար մենք ունենք բոլոր հնարավորությունները, բոլոր ռեսուրսները, որովհետև մենք՝ հայերս կարող ենք դա անել»,- ընդգծել է նա: