Բավ է պառակտվել
06-12-2022 20:51

Ռուբեն Վարդանյանը՝ գերմանական հեռուստաալիքին տված հարցազրույցում. Արցախի ժողովուրդը չի տեսնում իր ապագան Ադրբեջանի կազմում

Արցախի ժողովուրդը չի տեսնում իր ապագան Ադրբեջանի կազմում, և այդ մասին իր հստակ դիրքորոշումը վաղուց է հայտնել, հայտարարել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ադրբեջանը ևս պետք է հասկանա ու ընդունի, որ խաղաղության հասնելու միակ տարբերակը նույն տարածաշրջանում կողք կողքի, բայց ոչ միասին ապրելն է: Այս մասին ևս մեկ անգամ հնարավորություն ունեցա կրկնելու Գերմանիայի հանրային՝ ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում:

Վարդանյանը նշել է, որ հեռուստաալիքը ծավալուն ռեպորտաժով անդրադարձել է Հայաստանին և Արցախին, մասնավորապես, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին, ինչպես նաև կադրեր հրապարակել հոկտեմբերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքից:

«Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նկատմամբ ողջունելի է»,- հավելել է պետնախարարը: