Բավ է պառակտվել
31-03-2020 12:59

Արցախում այսօր նախագահական ու ԱԺ –ի ընտրություններ են


Արցախի Հանրապետությունում այսօր նախագահական և Ազգային ժողովի ընտրություններ են: Սա պայմանավորված է 2017 թվականի սահմանադրական փոփոխություններով: Արցախը կիսանախագահականից անցում կատարեց նախագահականի և ամրագրվեց, որ Ազգային ժողովի և Հանրապետության նախագահի ընտրությունները կանցկացվեն միևնույն ժամանակ: Այս ընտրությունները հայկական երկրորդ հանրապետությունում 1991 թվականից ի վեր անցկացված ընտրություններից ամենամրցակցայինն են համարվում։
Առավոտյան 08.00-ին բացվել են 282 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ մեկը Երևանում գործող Արցախի ներկայացուցչությունում, ևս մեկը՝ Շուշիի ՔԿՀ-ում:
Համապետական ընտրություններին մասնակցում է նախագահի 14 թեկնածու, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություն և կուսակցական 2 դաշինք։
Կազմավորվել է 282 ընտրատեղամաս, որից մեկը՝ Հայաստանում։ Գրանցված է 103 663 ընտրող
Մարտի 31-ին անցկացվող Արցախի նախագահի և ԱԺ ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները կհրապարակվեն և կտեղադրվեն ԿԸՀ կայքում մինչև ապրիլի 2-ը:
Կորոնավիրուսի հետ կապված անվտանգության միջոցառումներ են գործադրել ընտրությունները անցկացնելու համար։ Յուրաքանչյուր ընտրող մուտ գործելով տեղամաս,հագնում է ձեռնոցներ,կրում դիմակ ու անհատական գրիչ մասնակցում է քվերակությանը, իսկ ընտրատեղամասերում պահպանում են սոցիալական հեռավորություն:
Ընտրություններին կան նաև այլ նորամուծություններ: Կիրառվում են մեկանգամյա օգտագործման պարկեր, որոնք թույլ են տալիս առկա փաստաթղթերը տեղափոխել տեղամասեր՝ բարձրացնելով ընտրությունների նկատմամբ վստահությունը: Ընտրատեղամասերում կան նոր քվեախցիկներ, որոնք ապահովում են ընտրության գաղտնիությունը, խոշորացույցներ՝ տեսողության խնդիր ունեցող անձանց քվեարկությունը դյուրացնելու համար, Ստեփանակերտի բոլոր ընտրատեղամասերում կան նաև թեքահարթակներ:

 

Արմինե Գևորգյան