Բավ է պառակտվել
15-10-2019 21:39

Այսօր շարունակվում է Արցախի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը ․Վ․ Բալասանյան

Արցախի հարցում ՀՀ այսօրվա իշխանության վարած քաղաքականությունը Տեր-Պետրոսյանի քաղաքականության շարունակությունն է, թե՝ «Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչև Ղարաբաղը չհանձնենք»,–այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։
Վիտալի Բալասանյանը հրավիրված ասուլիսում մի քանի անգամ կրկնեց,որ «Արցախը առայժմ ՀՀ մարզ չի լինելու:
«Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրն էր՝ ԼՂՀ-ին տալ լայն ինքնավարություն, ստատուս Ադրբեջանի կազմում, ու առ այսօր որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի հրաժարվել այդ ծրագրից»,-ասաց Բալասանյանը:

Արցախի հերոսը նկատում է, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո մենք տեսանք անհատներ, խմբեր, կուսակցություններ, որ բարձրաձայնում էին, թե Արցախը Հայաստանի մարզ է, իսկ օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Դրանով երևի ուզեցել է ասել, որ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է: Դա քաղաքականության մեջ նորմ չէ: Դա վտանգավոր է ու նա մտածված է արել: Ես վստահ եմ, որ այն քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի փաթեթն է: ՀՀ իշխանությունները պետք է հետ վերադառնան և այն սխալները, որ արել են վերջին 1,5 տարվա ընթացքում, պետք է արագ շտկեն»․–ասաց Բալասանյանը։
Արցախի ազգային հերոսն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ տեսլականին և նշեց, որ չկա նման տեսլական: «Այն, ինչ ասում էր, թե նոր երևան եկած փաստաթղթեր է փոխանցել Արցախի Հանրապետության ղեկավարին, նոր փաստաթուղթ Նիկոլ Փաշինյանը երբևիցե չի հանձնել»:

Վիտալի Բալասանյանը նշեց, որ բանակցային գործընթացի վերաբերյալ քննարկումների համար կամ ՀՀ նախագահը, կամ արտգործնախարարը մշտապես հանդիպել են ԱՀ նախագահի հետ։

«Մինսկի խմբի համանախագահները մշտապես այցելել են Երևան, Բաքու, Արցախ: Չկա տեսլական, տեսլականը Լևոն Տեր-Պետրոսյանի այն ծրագիրն է՝ ԼՂՀ-ին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում․ Նիկոլ Փաշինյանը վարում է այդպիսի քաղաքականություն»,-ասաց Բալասանյանը:

ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը նշեց, որ այն, ինչ Արցախում ինքը ասաց Փաշինյանի վերելակային դիվանագիտության մասին, պարտավոր էր ասել և համայն հայությանը տեղյակ պահել իրականության մասին:

«Այո, «վերելակային դիվանագիտության» արդյունքում սահմանին լարվածությունը նվազել է: Ադրբեջանին պետք է եղել, որ լարվածությունը զրոյանա, որպեսզի ինժեներական աշխատանքներ իրականացնի: Նիկոլ Փաշինյանի թեժ գիծ հասկացությունը հակահայ պայմանավորվածություն է եղել: Գնացեք, սահմանին տեսեք»,–ասաց Բալասանյանը։

 

Արմինե Գևորգյան