Բավ է պառակտվել
27-09-2020 11:00

Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի. Արցախի ՄԻՊ

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև բազմաթիվ քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Առկա են նաև քաղաքացիական զոհեր ու վնասներ, հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են: Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում», - հայտնել է Բեգլարյանը:

«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումը:

Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել Արցախի Հանրապետության հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ», - ասված է ՄԻՊ հայտարարությունում:

 

 

Արմինե Գեւորգյան