Բավ է պառակտվել
18-03-2019 18:11

Շվեդիան դրական է գնահատել կանանց թվի ավելացման միտումը Հայաստանի խորհրդարանում

Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնը մարտի 21-22-ին կայցելի Հայաստան։

Այս այցին ընդառաջ Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, Հայաստանին տրամադրվող աջակցությունը ընդլայնելու մտադրության մասին՝ ի գիտություն ընդունելով 2018 թվականի “թավշյա հեղափոխությունից” հետո անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար առկա քաղաքական կամքը։ Այս մասին հայտարարվել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության կայքում։

“2018 թվականի “թավշյա հեղափոխությունից” և իշխանափոխությունից հետո Հայաստանում սկսվել է ժողովրդավարացման ակտիվ գործընթաց։ Մենք տեսնում ենք անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու և ժողովրդավարության, խոսքի ազատության և այլ հիմնական իրավունքների և ազատությունների ամրապնդման ուժեղ կամք”,- ցիտում է "Dagens Nyheter" Էրիսոնի՝ Հայաստանին տրամադրվող աջակցությունը ընդլայնելու մտադրության մասին մեկնաբանությունը։

Նրա խոսքերով, Հայաստանի նորընտիր Ազգային ժողովում կանանց թվի ավելացման փաստը երկրի՝ դեպի փոփոխություններ առաջընթացի նշաններից մեկ է։ Այսպիսով, սա Շվեդիայի համար պատեհ ժամանակ է իր աջակցությունը մեծացնելու և Հայաստանում դրական փոփոխություններում իր լուման ունենալու համար։

Զարգացման ոլորտում Շվեդիայի հետ համագործակցության երկկողմ ծրագրի սկիզբը կնշանակի Հայաստանում նախագծերի ֆինանսավորման ավելացում։

Այսօր Շվեդիան աջակցում է Հայաստանի համար հետաքրքրություն ունեցող մի քանի տարածաշրջանային և փոքրաթիվ երկկողմ նախագծերին։ Դրանց թվում են շրջակա միջավայրի պաշտպանությանը, կանանց քաղաքական և տնտեսական իրավունքների ընդլայնմանը և ժողովրդավարական, հաջող աշխատող պետական հաստատությունների ստեղծմանն ուղղված կարևոր նախաձեռնությունները։

Էրիկսոնը նաև նշել է երեք հիմնական ուղղությունները, որոնցում Շվեդիան աջակցում է Արևելյան Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացներին: Սա, առաջին հերթին, կոռուպցիայի դեմ պայքարն է և համապատասխան ինստիտուտների ստեղծումը: Երկրորդ` մարդու իրավունքների պաշտպանությունը, խտրականության և բռնություն վերացումը կանանց և ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ և երրորդ` աջակցությունն ազատ և անկախ լրատվամիջոցներին: