Բավ է պառակտվել
06-10-2020 20:51

Շարլ Ազնավուրի որդին խնդրել է Մակրոնին ճանաչել Արցախի անկախությունը

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը, բաց նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` խնդրելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Արցախի անկախությունը և տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է «Ազնավուր» հիմնադրամը։

Նամակում ասվում է

«Հարգելի պարոն նախագահ, հայ ժողովրդի սիրելի ընկեր և աջակից, վերջին օրերը ցավով ու խոր անհանգստությամբ էին լի ողջ հայ ազգի համար։ Հայ ժողովրդին դարձյալ վտանգ է սպառնում, և, ինչպես 1915-ին, այսօր էլ նա ստիպված է պայքար մղել իր գոյության համար։ Հայ դիրքապահները քաջաբար պահում են երկրի սահմանները, սակայն մարտերը թեժ են, և զոհերը՝ բազմաթիվ։ Ես ևս մեկ անգամ դիմում եմ Ձեզ՝ որպես մի մարդու և առաջնորդի, որը չի վախենում ճշմարտությունն ասել, և որի համար մարդկային արժեքները գերակա են: ԴուքսաապացուցելեքՁերղեկավարմանայսողջընթացքում։

Ձեր վերջին ելույթներում Դուք ևս մեկ անգամ հիշեցրիք հայերին և աշխարհին, որ Հայաստանը մենակ չէ այդ դահիճների դեմ հանդիման։ Դուք համարձակորեն դատապարտեցիք Թուրքիայի կեղծավորությունն ու ցինիզմը և նրա մեղսակցությունը Բաքվի հանցագործություններին: Այս հակամարտության ընթացքում Սիրիայից ջիհադիստների՝ վարձկան-ահաբեկիչների ներգրավումը ևս մեկ անգամ ցույց է տալիս այդ կառավարությունների անբարո ձեռագիրը և գուժում ահաբեկչական սպառնալիքի մասին, որը Թուրքիայի ձեռամբ հասնում է Եվրոպայի և Ռուսաստանի մատույցներին: Բաքուն թիրախավորում է խաղաղ բնակիչներին և լրագրողներին՝ օգտագործելով արգելված զինամթերք, խախտելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները։ Ձեր և ֆրանսիացի ժողովրդի աջակցությունն անչափ կարևոր է մեզ համար: Խնդրում եմ Ձեզ գործուն քայլերի դիմել՝ հանուն մեր ժողովրդի փրկության - ճանաչելով Արցախի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն, որը կկարողանա օգտվել միջազգային իրավունքի դրույթներից, խնդրում եմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ՝ նրանց գործած հանցագործությունների համար, ինչպես նաև ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա՝ տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու մեխանիզմներ գործի դնելու նպատակով։

Ես հավատում եմ Ձեզ ու Ձեր սկզբունքայնությանը, լիահույս եմ, որ մարդասիրական և ժողովրդավարական մեր արժեքները հաղթանակ կտանեն բռնապետության ու ոճրագործության դեմ, որոնց շարժիչ ուժը ագահությունն է և իշխանության ծարավը: Հայաստանը քաղաքակրթության բերդամրոցն է, որը պետք է պաշտպանել»։

Վերջին տվյալների համաձայն ՝ խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական բանակի ռազմական հանցագործությունների արդյունքում, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ը, զոհվել է 19 խաղաղ բնակիչ ՝ մեկ աղջիկ, յոթ կին և 11 տղամարդ: 80 խաղաղ բնակիչ վիրավորվել է

Սեպտեմբերի 27-ին Ղարաբաղի բնակավայրերն, ինչպես նաև զորամասերը ադրբեջանական կողմից ենթարկվել են ինտենսիվ հրետակոծության: Այնուհետև հակառակորդի մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները անցել են  հարձակման հյուսիսային, հարավային և հարավարևելյան ուղղություններով: Հակամարտության գոտում լարված իրավիճակը պահպանվում է։