Բավ է պառակտվել
09-01-2023 15:51

Մոտ օրերս Արցախում նախատեսվում է ներդնել պարենամթերքի բախշման կտրոնային համակարգ

Պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են Արցախում պարենամթերքի բախշման կտրոնային համակարգի ներդրման մեխանիզմները։
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը, բնակչության առաջնային կարիքների ապահովման խնդիրն ամենահրատապներից է, և կտրոնային համակարգի ներդրումը հնարավորություն կտա հնարավորինս համաչափ բաշխել պարենամթերքը։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տարվում են տեխնիկակազմակերպչական աշխատանքներ՝ առաջիկա օրերին կտրոնային համակարգին անցնելու համար։

Պետնախարարը հանձնարարել է մարզերում բնակչության հետ օպերատիվ շտաբի անդամների հանդիպումների ժամանակ ամփոփել բնակչության բարձրացրած խնդիրները, վեր հանել խնդիրները և քննարկել դրանց լուծման հնարավորությունները։ «Այս հանդիպումները ցույց են տվել, որ շրջափակման դժվարությունները չեն կոտրել մարդկանց ոգին: Բարձրացվել են երեք խումբ հարցեր՝ կոնկրետ բնակավայրին վերաբերող տեղական խնդիրներ, ընդհանուր խնդիրներ, որոնք համակարգային լուծումներ են պահանջելու, և բողոք-դժգոհություններ: Կան նաև հրատապ խնդիրներ, որոնց պետք է առաջնային կարգով լուծումներ տրվեն»,- ասել է նա։
Պետնախարարին ներկայացվել է նաև ճանապարհների իրավիճակը, ձյան մաքրման աշխատանքների կազմակերպման ընթացքը: Զեկուցվել է, որ ադրբեջանական «էկոակտիվիստների» կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով հնարավոր չէ իրականացնել մայրուղու ամբողջական մաքրումը, և մի մեծ հատված մնում է չմաքրված՝ վնասելով ճանապարհի որակը:
Անդրադարձ է եղել նաև կանխիկի դրամաշրջանառության հետ կապված խնդիրներին: Պետնախարարը հանձնարարել է քայլեր ձեռնարկել՝ առկա հնարավորությունների շրջանակում իրավիճակը կարգավորելու առումով: Կարևորվել է բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը, որպեսզի մարդիկ խուսափեն մեծ ծավալի գումարի կանխիկացումից և կանխիկը պահելուց:
Զեկուցվել է նաև պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: Ներկայացվել են էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը:
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման 29-րդ օրը
Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120.000 բնակչության, այդ թվում՝ 30.000 երեխայի իրավունքները։

Ադրբեջանական կողմը, իբր «էկոլոգիական նկատառումներով», շարունակում է ամբողջությամբ փակ պահել Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Արդյունքում 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։

Դեկտեմբերի 13-16-ը Ադրբեջանը դադարեցրել էր գազի մատակարարումն Արցախ։ Ներկայումս հանրապետությունն ապրում է ռեսուրսների, սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների խնայողության ռեժիմով։