Բավ է պառակտվել
28-09-2020 20:30

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հղի է լայնածավալ ռազմական հակամարտությամբ. Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին ասված է Մատվիենկոյի հայտարարության մեջ, որը երկուշաբթի տարածել է խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իրավիճակը չափազանց վտանգավոր է, այն հղի է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լայնածավալ ռազմական հակամարտության վերաճմամբ, որոնք հավասարապես մոտ եւ բարեկամական է Ռուսաստանի եւ համագործակցության այլ երկրների համար: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի և չի կարող ունենալ։ Այս կապակցությամբ կցանկանայի նախ եւ առաջ կողմերին կոչ անել անհապաղ դադարեցնել կրակը», - ասված է հայտարարության մեջ:

Նա ընդգծել է, որ ցանկացած էսկալացիա կնշանակի նոր զոհեր, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում, որոնք չի կարելի արդարացնել ոչ մի քաղաքական նկատառումներով:

«Որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ՝ կցանկանայի փոխանցել անկեղծ անհանգստության եւ խորը մտահոգության զգացումները, որոնց մասին ինձ այժմ դիմում են մեր խորհրդարանական հանրության իմ բազմաթիվ գործընկերներ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած վերջին ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, եւ որոնք ես լիովին կիսում եմ», - նշվում է հայտարարության մեջ:

Ռուսաստանը աշխարհի բոլոր պատասխանատու ուժերին կոչ է անում զերծ մնալ հակամարտությանը միջամտելու ցանկացած ձևից. «Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի կոչին Ադրբեջանին եւ Հայաստանին՝ անհապաղ դադարեցնել մարտերը եւ վերադառնալ բանակցություններին։ Կոչ ենք անում աշխարհի բոլոր պատասխանատու ուժերին զերծ մնալ այս հակամարտությանը միջամտելու ցանկացած ձեւից՝ պաշտպանելով միջազգային հանրության գիծը ռազմական գործողությունների դադարեցման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում բանակցային գործընթացին վերադառնալու անվերապահ առաջնայնությանը", - հայտարարել է Մատվիենկոն:

ՌԴ-ն պատրաստ է հնարավոր ամեն ինչով աջակցել Ադրբեջանին և Հայաստանին՝ իրավիճակի խաղաղ կարգավորման համար։ «Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, իհարկե, պատրաստ է այս բարդ օրերին էլ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի աջակցի Ադրբեջանին ու Հայաստանին վիճելի հարցերի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու հարցում, այդ թվում ՝ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները գործարկելու հարցում», - ասել է Մատվիենկոն: