Բավ է պառակտվել
09-09-2020 13:07

Տարածաշրջանում էն վիճակը չի, որ մենք ներսում ինչ-որ խաղեր տանք. Սամվել Բաբայան

Անընդհատ ներկայացնում են, որ ԱԽ-ն երկրորդ իշխանություն է, որը որ չի կարող լինել՝ և օրենսդրորեն, եւ ընդհանրապես, դրա կարիքը պետք էլ չի, որովհետեւ մենք համաձայնությամբ բոլոր հարցերը կարողանում ենք քննարկել, որոշումներ կայացնել, որ համաձայնությամբ կարողանանք գնալ առաջ»,- այսօր Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

Սամվել Բաբայանն անդրադարձավ արդեն տևական ժամանակ շրջանառվող խոսակցություններին, որոնք վերաբերվում են Անվտանգության խորհրդի կազմին, հնարավորություններին, լիազորություններին: Նա հորդորեց այդ ամենում ի նկատի ունենալ մի պարզ ճշմարտություն՝ Անվտանգության խորհուրդը նախագահին կից մարմին է, որը կատարում է «նախագահի կարգադրություններն ասեմ, ռազմավարությունը, ծրագրեր, որը որ համատեղ հուշագրեր մենք ստորագրել ենք»:
«Մենք այսօր այն վիճակում չենք, որ կարողանանք մեզ թույլ տալ նման շռայլություն, որ իրար հետ կարողանանք մրցավազք մտնել: Չգիտեմ, դուք ինչքանով եք տեղյակ կամ ինֆորմացիայի տիրապետում, բայց չեմ գտնում, որ տարածաշրջանում այսօր էն վիճակն է, որ մենք պետք է ստեղ՝ ներսում, ինչ-որ խաղեր տանք: Չի լինելու դա: Մենք չենք գնում էդ ճանապարհով:
ԱԽ քարտուղարն ասաց, թե ոչ կադրային քաղաքականությամբ են զբաղվում, ոչ էլ՝ այլ հարցերով.
«Նորմատիվային ակտերն ենք վերանայում՝ բյուջե կազմելու։ Մենք վերահսկողական ֆունկցիա ունենք, բայց դրանով չենք զբաղվում»։
Բաբայանի խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում խոսակցությունները, որ իրենք նախարարություններում կրճատումներ են անում։
«Իրականությունը դա չի, այլ այն, որ եթե նախարարը չի կարողանում հիմնավորել, թե իր կադրը տվյալ բաժնում 5 ժամ ինչով է զբաղված, ուրեմն նրան պետք է ազատի աշխատանքից», - ասաց նա:
«Ութ ժամվա զբաղվածությունը պետք է ցույց տան: Եթե չկարողանան դա անել, ապա նախարարը պետք է ազատի տվյալ մարդուն աշխատանքից: Որպեսզի չհավաքվեն թեյ խմելու: Մենք բազմիցս ընտրարշավի ժամանակ դա խոսել ենք»:
Սամվել Բաբայանը գտնում է, որ պետական ապարատը ուռճացված է. «Սոցիալական հարց են փորձել լուծել՝ մարդկանց կես դրույքով աշխատանքի վերցնելով, արդյունքում մարդը քիչ է վճարվել, սոցիալական խնդիրները ոչ թե լուծվել, այլ խորացել են»:

 

 

Արմինե Գևորգյան