Բավ է պառակտվել
20-03-2020 15:16

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության կողմերին ուղղված կոչով

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության կողմերին ուղղված կոչով։
“Համանախագահները (Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ընդգծելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից մշտադիտարկումները դադարեցվել են՝ կապված կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված բացառիկ իրավիճակի հետ, կոչ են անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու իրենց հանձնառությանը և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են այս շրջանում էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում”,- նշվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքւմ տեղադրված հայտարարությունում:
Ըստ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նախօրեին տարածած հայտարարության, կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները ԼՂ հակամարտության գոտում:
“Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես վարակի տարածման դեմ պայքարին և դրանից տուժածների բուժմանը, մենք կողմերին կոչ ենք անում անել հնարավոր ամեն բան՝ նվազագույնի հասցնելու լարվածության ռիսկը, այդ թվում օգտագործելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցները”,- ասվել է միջնորդների հայտարարությունում:
Չնայած միջազգային ուղևորությունների խիստ սահմանափակումներին, համանախագահներն առանց ընդմիջման շարունակելու են իրենց միջնորդական ջանքերը` սերտ կապի մեջ մնալով ինչպես միմյանց, այնպես էլ կողմերի հետ:
Ղարաբաղյան հակամարտությունն սկսվել է 1988 թվականին առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու հայտարարությունից հետո։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում կայացել է հանրաքվե, որի ընթացքում բնակչության 99,89 տոկոսը քվեարկել է հօգուտ Ադրբեջանից լիակատար անկախության։
Դրանից հետո Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում վերջինս կորցրել է վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ տարածքի նկատմամբ։
1994 թվականի մայիսի 12-ին զինադադարի եռակողմ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցվել են ռազմական գործողությունները, որոնց պատճառով երկու կողմից զոհվել է շուրջ 25-30 հազար մարդ, իսկ մոտ 1 միլիոնը ստիպված լքել է իր տները:
Հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը պահպանվում է մինչ այժմ: 1992 թվականից մինչ օրս ընթանում են հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: