Բավ է պառակտվել
17-11-2022 22:44

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը սառեցված է, այլ ոչ՝ լուծարված․ Արցախի արտգործնախարար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որպես այդպիսին, սառեցված է, այլ ոչ՝ լուծարված, ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Մենք չենք ցանկանում հրաժարվել այս ձևաչափից։ Բացի այդ, դրա համար պետք է հրավիրվի ԵԱՀԿ գագաթնաժողով։ Միջազգայնորեն ճանաչված այս ձևաչափն ամրապնդում է Արցախի՝ որպես հակամարտության և բանակցությունների կողմի կարգավիճակը», - մեջբերում է Բաբայանին Ազատությունը։

Արցախի ԱԳՆ ղեկավարը Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում լարվածությունը համարում է ժամանակավոր և հույս ունի, որ Մինսկի խմբի ձևաչափը մի օր կվերականգնվի։

ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը ներգրավված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության գործընթացում։

«Ինձ թվում է՝ այն զարգացել է մինչև այն կետը, որ մենք կարող ենք կոնսենսուսի հաշվին վերջ դնել այս մանդատին», - ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին ասել է ասել է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը: