Բավ է պառակտվել
31-03-2023 17:58

Արցախի Անվտանգության խորհուրդը քննարկել է շրջափակման խստացման պայմաններում պաշտպանությանը և անվտանգությանն առնչվող հարցեր

Նախագահի գլխավորությամբ Արցախի Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից ԱՀ շրջափակման խստացման և չդադարող սադրանքների պայմաններում ԱՀ պաշտպանությանը, բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցեր։
Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զեկույցներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը և պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը։
Հարությունյանը կարևորել է ուժային և քաղաքացիական կառույցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ և համակարգված համագործակցությունը հրատապ և երկարաժամկետ խնդիրների լուծման հարցում։
Քննարկված հարցերի համատեքստում նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին:
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանում է գազի մատակարարումն Արցախ։ Հունվարի 9-ից չի գործում Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչի պատճառով էլ Արցախում հունվարի 11-ից հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։
Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։