Բավ է պառակտվել
11-01-2023 18:40

Արցախի ԱԽ-ն հայտարարել է, որ Փաշինյանի հայտարարությունները չեն համապատասխանում համազգային պայքարի գաղափարներին

Արցախի Անվտանգության խորհուրդը մտահոգություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսում արված մի շարք հայտարարությունների կապակցությամբ։

«ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը»,- ասվում է Անվտանգության խորհրդի չորեքշաբթի օրը կայացած հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում։

Ինչպես նշվում է փաստաթղթում, Ադրբեջանի նախագահի՝ սույն թվականի հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերը հերթական անգամ փաստեցին, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի իշխանությունների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ուժի սպառնալիքի կիրառման ակնհայտ դրսևորում, որը շարունակությունն է 2020 թ. Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի։

«Մենք գիտակցում ենք բոլոր այն հետևանքները, որոնք բխում են մեր որդեգրած քաղաքական գծից և վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Արցախի ինքնիշխանությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Որևէ պարտադրանք կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել պայքարը շարունակելու մեր կայացրած որոշումից:

Ըստ այդմ, դիմում ենք միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից ձեռնարկված ահաբեկչական գործողությունները, ծրագրվող էթնիկ զտումները և նախապատրաստվող նոր ցեղասպանությունը կանխելու համար պատասխանատվություն ստանձնելու կոչով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Արցախի Հանրապետության ժողովուրդը և իշխանությունները վստահ են, որ աշխարահասփյուռ հայությունը կշարունակի սատար կանգնել Արցախի իրենց քույրերի և եղբայրների կայացրած որոշմանը, և ՀՀ իշխանություններին հորդորում են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ` օգտագործելով միջազգայնորեն ճանաչված պետության բոլոր հնարավորություններն ու ողջ գործիքակազմը

Նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը, մասնավորապես, հայտարարեց, որ Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշում կայացնի իր կարգավիճակի վերաբերյալ։ «Այդ մասին պետք է նրանք (Ղարաբաղի ժողովուրդը) պետք է խոսեն, քանի որ նրանք պետք է որոշումներ կայացնեն, և մենք կաջակցենք բոլոր հնարավոր միջոցներով: Այսօր մենք աջակցություն ենք ցուցաբերում հումանիտար և ֆինանսական հարցերում. ինչպես կարողանում՝ օգնում ենք», - ասաց նա՝ ի պատասխան Արցախի կարգավիճակի և հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին հարցին։

Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի վերաբերյալ Փաշինյանն ասաց, որ այդ ճանապարհի գործունեությունը պարտավոր են ապահովել ռուս խաղաղապահները, իսկ Հայաստանը նման պարտավորություններ չունի։