Բավ է պառակտվել
14-03-2022 11:47

Ռուսաստանի հայկական կազմակերպությունների խորհուրդը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել Արցախում հումանիտար աղետը կանխելու համար

Ռուսաստանի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ՌՀԿ ՀԽ) կոչով դիմել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` կապված Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի հետ։

Ներկայացնում ենք Ռուսաստան-Արցախ բարեկամության միավորման կայքում տեղադրված կոչի տեքստն ամբողջությամբ.

«Մենք Ռուսաստանի Դաշնության ղեկավարության, ՌԴ պաշտպանության նախարարության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի մեղքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի վրա։ Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում հաճախակի են դարձել հայկական գյուղերի գնդակոծությունները։ Ադրբեջանական կողմի մեղքով պայթեցվել է գազատարը։.

Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունն ապրում է առանց գազի, ջեռուցման, սկսվել են հոսանքազրկումներ։ Եվ սա ձմռանից գարուն անցման շրջանում, երբ եղանակը դեռ բավականին ցուրտ է։

Ադրբեջանական կողմը ցուցադրաբար անտեսում է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ռուս խաղաղապահների բոլոր փորձերը։

Ըստ ամենայնի, Ադրբեջանի իշխանությունները, թուրքական և ուկրաինական կողմերի հրահրումով, պատրաստ են, օգտվելով Ուկրաինայի ռազմական հակամարտությունից, լարվածության նոր օջախ ստեղծել Կովկասում՝ Ռուսաստանի ուժերն ու ուշադրությունը շեղելու, այսպես կոչված «երկրորդ ճակատ» բացելու համար։ Նման ծանր պահին Ռուսաստանում ադրբեջանամետ որոշ ուժեր ԶԼՄ-ների միջոցով փորձում են նսեմացնել զրպարտել Հայաստանը՝ ակնհայտ կեղծ տեղեկատվական հաղորդագրություններ տարածելով։ Միևնույն ժամանակ, նրանք միտումնավոր «չեն նկատում», որ Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքը այն քչերից է, որը հայտարարել է իր լիակատար, հաստատակամ և գործնական աջակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների բնակչության իրավունքների պաշտպանության քաղաքականությանը։

Հարկ է նաև հաշվի առնել, որ 2022 թվականի փետրվարի 22-ին Արցախի (ԼՂՀ) իշխանությունները պաշտոնապես ողջունեցին Ռուսաստանի Դաշնության կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը։

Պաշտոնական Բաքուն կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն ստանձնած պարտավորությունները, որոնց հիման վրա Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուսական խաղաղապահ ուժերը։

Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնք բխում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Նախագահի համապատասխան հրամանագրերից, որոնք սահմանում են Ռուսաստանի խաղաղապահ ուժերի իրավունքներն ու պարտականությունները Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու համար։

Ռուսաստանի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը կոչ է անում Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, ՌԴ ՊՆ-ին և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությանը ցուցաբերել ամուր կամք և կանխել Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու բոլոր փորձերը։ Խնդրում ենք շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ռուսական խաղաղապահ զորախումբը նպաստի Լեռնային Ղարաբաղում գազատարի աշխատանքի շուտափույթ վերականգնմանը։ Կոչ ենք անում նաև միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի խաղաղ հայկական գյուղերի գնդակոծությունը դադարեցնելու համար։

Մենք համերաշխ ենք Ռուսաստանի հետ և մաղթում ենք նրան ամենայն հաջողություն»։

Լարվածության սրացում Արցախում

Վերջին օրերին ադրբեջանական զինուժն ավելի ինտենսիվ է գնդակոծում է Արցախի սահմանամերձ գյուղերը, այդ թվում՝ ականանետերից և խոշոր տրամաչափի զինատեսակներից։ Բացի այդ, ադրբեջանական կողմից սահմանային գոտում հայերենով բարձրախոսներով պարբերաբար գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:

Մարտի 8-ի գիշերը Շուշիի (Ադրբեջանի հսկողության տակ գտնվող) շրջանում գազատարի վթարի պատճառով դադարեցվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքների իրականացմանը և հարակից տարածքի ականազերծմանը։ Արցախի ԱԽ գրասենյակի աշխատակիցները ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ։