Բավ է պառակտվել
14-10-2022 14:17

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը պատասխանել է նախագահ Հարությունյանի գլխավորած Արցախի պատվիրակության հարցերին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուրբաթ ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել են արցախահայությանն ու Հայաստանի քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր։ Սիմոնյանը ներկայացրել է միջազգային գործընկերների հետ վերջին հանդիպումների, ինչպես նաև Ռուսաստան կատարած այցի մանրամասները։

Կողմերը արձանագրել են, որ Հայաստանի և Արցախի միջև բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում։

Երկու ժամ տևած հանդիպմանը սպառիչ պատասխաններ են տրվել արցախցի գործընկերների հարցերին։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, սակայն հանդիպման մասին տեղեկություն ՀՀ վարչապետի կայքում չի հրապարակվել։

Հոկտեմբերի 13-ին Արցախի Ազգային ժողովի պատվիրակությունը՝ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Արցախի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԺ պատվիրակությունն ընդգծել է, որ Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում, շեշտելով, որ Արցախը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացի վերսկսմանը՝ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ։ Հայաստանի ԱԽ-ից հայտնել են, որ Գրիգորյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է բոլոր ուղղություններով շարունակվող բանակցային գործընթացի մանրամասները, որից հետո կողմերը մտքեր են փոխանակել և գնահատականներ ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ։ .

Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում: