Բավ է պառակտվել
12-12-2022 17:42

Արցախի ԱԺ նախագահը նշել է Հայաստանի հետ կապող ճանապարհը փակելու երեք նպատակը

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի հերթական սադրիչ գործողությունները՝ հայտնում են ԱՀ ԱԺ-ից։

Նրա խոսքով, Ադրբեջանը փորձում է փոխել ստատուս քվոն, որը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը, ստուգել արցախցիների զգոնությունը, կամ ստիպել նրանց հեռանալ։

Նա հիշեցրել է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, ադրբեջանական կողմը 2-րդ անգամ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղին: Աննախադեպ վտանգված է Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը:

«Կոչ ենք անում միջազգային հանրության շահագրգիռ կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները և ադեկվատ զսպման մեխանիզներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Դիմում ենք ՀՀ իշխանություններին և ժողովրդին, սփյուռքահայությանը, Արցախում ապրող մեր հայրենակիցներին ՝ հանուն Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության պաշտպանության, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, այլապես վաղը ուշ կլինի»,- ասել է Թովմասյանը։

Արցախի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ Արցախը Հայաստանին կապող միջպետական ​​մայրուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ։ Հաղորդվում է, որ ժամը 14:00-ի դրությամբ Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին հարյուրավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, որը փակ է առավոտյան ժամը 10։30-ից։