Բավ է պառակտվել
23-07-2021 17:01

Ղարաբաղի կարգավիճակը որոշված չէ, պետք է վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության, ինչպես նաև տարածաշրջանում Ռուսաստանի դերի մասին։

Ռուսաստանի դերը և հայ գերիների վերադարձը

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում դիվանագետը արձանագրել է, որ ներկա իրողություններն այնպիսին են, որ Ռուսաստանն ապահովում է Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ «Եթե ռուսական ուժերը չլինեին, Ղարաբաղում այլևս հայ չէր լինի»,- նշել է դիվանագետը։

Նրա խոսքով, նոյեմբերի 9-ի հայտարարությունը (Արցախում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ խմբ․) հանգեցրեց մի հրադադարի, որը, ընդհանուր առմամբ, պահպանվում է, սակայն ութ ամիս ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը չի լուծում բոլոր հարցերը։

«Դրա որոշ դրույթներ, մասնավորապես՝ ռազմագերիների (Ադրբեջանում պահվող՝ խմբ․) ազատման դրույթը, լիովին չեն հարգվում։ Եվ ընդհանուր առմամբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչինչ չի ասում Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։ Այսպիսով, նոյեմբերի 9-ի հայտարարությունը մի փուլ էր, բայց հիմա պետք է ամրապնդել խաղաղությունը, հրադադարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսել քաղաքական գործընթաց»,- ասել է Լաքոտը։

Չլուծված հարցեր

Դեսպանը նաև նշել է այն հանգամանքը, որ այսուհետ (Արցախում 2020թ․ աշնանային պատերազմից հետո՝ խմբ․) երկու երկրների միջև գոյություն ունի մի հարյուր կիլոմետրանոց նոր սահման։

«Եվ ընդհանուր առմամբ բուն Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Ուստի, կողմնակից ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվի քաղաքական գործընթաց, որը Մինսկի խմբի համանախագահները կոչված են ուղեկցելու։ Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս հարցերի շուրջ խոսելու համար բոլոր կողմերի կողմից ճանաչված միակ մարմինն է»,- ասել է Լաքոտը։

Ըստ նրա՝ Հայաստանի և տարածաշրջանի համար անվտանգության լավագույն երաշխիքն այս տարբեր կետերի բանակցային ճանապարհով լուծումն է։

Շուշիի այցելությունից հրաժարվելը

Ֆրանսիայի դեսպանը բացատրել է նաև, թե ինչո՞ւ է իր գործընկերը հրաժարվել մեկնել Շուշի (ներկայումս վերահսկվում է Ադրբեջանի կողմից՝ խմբ․) Բաքվի կողմից հուլիսի 9-10-ը կազմակերպված մի քանի տասնյակ օտարերկրյա դիվանագետների այս ղարաբաղյան քաղաք կատարած այցի շրջանակներում:
«Կա մի իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Քանի դեռ այդ կարգավիճակը որոշված չէ, ո՛չ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, ո՛չ Երևանում Ֆրանսիայի դեսպանը չեն կարող այցելել Ղարաբաղ։ Բաքվում իմ գործընկերը չի այցելում Շուշի, ինչպես ես չեմ այցելում Ստեփանակերտ»,- պարզաբանել է Լաքոտը։
Նա հավելել է, որ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները որդեգրել են այս դիրքորոշումը։
Հայ գերիներն Ադրբեջանում
Հայաստանի իշխանությունները չեն հայտնում Ադրբեջանում պահվող հայ գերիների ստույգ թիվը՝ ասելով, որ դա պետական գաղտնիք է։ Հայաստանի արտգործնախարարությունը խոսել է 188 հայ գերների մասին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայցեր կան ադրբեջանական գերության մեջ գտնվող 228 հայի վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, հուլիսի 3-ի դրությամբ, ռուս խաղաղապահների, ինչպես նաև ԱՄՆ, ԵՄ ու Վրաստանի ջանքերի շնորհիվ հաջողվել է հայրենիք վերադարձնել Հայաստանի 104 քաղաքացու և 16 ադրբեջանցի։

Ի պատասխան, որպես «բարի կամքի դրսևորում», Բաքուն Երևանից ստացավ ղարաբաղյան հակամարտության գոտում Աղդամի, Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների (այժմ վերահսկվում են Ադրբեջանի կողմից) ականապատ տարածքների քարտեզները։