Բավ է պառակտվել
23-08-2022 19:30

Միջանքցի կարգավիճակը և անվտանգության հարցեր․ Արցախի խորհրդարանական ուժերի ղեկավարները հանդիպել են ռուս խաղաղապահների հետ

Երեքշաբթի կայացել է Արցախի խորհրդարանական հինգ ուժերի ղեկավարների հանդիպումը Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ, հայտնում է Արցախի Ազգային ժողովի մամլո ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպման շարժառիթը ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի՝ վերջերս արված հայտարարությունն էր, ինչպես նաև օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումն ու անվտանգային հարցերը։ Հանդիպման ընթացքում վերոնշյալ հարցերի շուրջ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատուների կողմից տրվել են պարզաբանումներ։

Ավելի վաղ Սելեզնյովը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել:

Նշվել է, որ նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի կարգավիճակը, և պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-ոց անվտանգային գոտուց մինչև ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում։

Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավար անձնակազմը նշել է, որ օգոստոսյան դեպքերի հետ կապված կատարել են անհրաժեշտ եզրահանգումներ, միաժամանակ վստահեցրել են , որ լրացուցիչ ջանքեր կգործադրեն՝ ապագայում նմանօրինակ խախտումները կանխելու և մեր բնակչության պատշաճ անվտանգությունը ապահովելու համար։

Օգոստոսի սկզբին՝ նախքան ադրբեջանական զինուժի կողմից Արցախի գնդակոծումները, Ստեփանակերտը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների միջոցով պահանջել է Հայաստանի հետ կապը նոր երթուղով կազմակերպել։ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը լաչինի միջանցքի վրա ընկած համայնքների՝ Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին հայտնեց, որ օգոստոսի 25-ից հետո ռուսական զորք այդ տարածքում չի լինելու, ուստի անհրաժեշտ է մինչև ամսվա վերջ լքել տները:

Այնուհետև պաշտոնական Երևանը հայտարարեց, որ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունն արդեն սկսվել է։ 11,8 կմ երկարությամբ ճանապարհը սկսվում է Ստեփանակերտ- Բերձոր մայրուղու 36-րդ կմ-ից՝ Բերձորի ենթաշրջանի Մեծ Շենի խաչմերուկից։ Նախատեսվում է բոլոր տեսակի, այդ թվում՝ բետոնային աշխատանքներն ավարտել մինչև 2023 թվականի գարնան սկիզբ։
Լարվածության սրացում Արցախում շփման գծի երկայնքով

Արցախում շփման գծի երկայնքով սրացումը սկսվել է օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ին, երբ ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանների մի շարք հատվածներում դիմել են սադրանքների և շփման գիծը հատելու փորձերի, որոնք ճնշվել են. ՊԲ ուժերի կողմից։

Օգոստոսի 3-ին ադրբեջանական զինուժը ականանետերի, նռնականետերի և գրոհային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հրետակոծել է ՊԲ մարտական ​​դիրքերը և զորամասերից մեկի մշտական ​​տեղակայման վայրը, ինչի հետևանքով երկու պայմանագրային զինծառայող զոհվել է, 19 զինվոր վիրավորվել։
Հայաստանի ԱԳՆ-ն սրացման կապակցությամբ արված հայտարարությունում պատասխանել է Լաչինի միջանցքի և եռակողմ համաձայնագրի պայմանավորվածությունները չկատարելու վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին։ Գերատեսչությունը հայտարարել է, որ ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում ագրեսիա է իրականացվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

ԱԳՆ-ն անընդունելի է համարում ադրբեջանական կողմի փորձերը՝ միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն: