Բավ է պառակտվել
28-03-2019 15:10

Ստեփանակերտը հակահարված կտա Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում․Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում Արցախը կօգտվի ինքնապաշտպանության իր իրավունքից, հայտարարել է Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը։

“Եթե Ադրբեջանը փորձի հակամարտությունը լուծել ուժի միջոցով, ինչն ըստ ՄԱԿ-ի ԱԽ 3314 բանաձևի հոդված 1-ի կնշանակի ագրեսիվ պատերազմի սանձազերծում, ապա Արցախի Հանրապետությունը լիակատար իրավունք ունի ձեռնարկել ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները և պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը՝ միջազգային իրավունքի նորմերին և, մասնավորապես, ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան”,- ասվել է հինգշաբթի օրը տարածված Ներսիսյանի մեկնաբանությունում։

Անդրադառնալով Ադրբեջանի պնդումներին, որ իբր “կա տարբերություն այն խաղաղության մեջ, որի մասին խոսում է Հայաստանը, և այն խաղաղության մեջ, որի մասին խոսում է միջազգային իրավունքը”, նա մեղադրել է պաշտոնական Բաքվին միջազգային իրավունքի նորմերի աղավաղված ընկալման և կամայական մեկնաբանման մեջ։ Ավելին, նշել է արցախյան ԱԳՆ ներկայացուցիչն, Ադրբեջանի գերագույն ղեկավարությունը ընդհանրապես ժխտում է միջազգային իրավունքը, համարելով, որ միջազգային հարաբերություններում գերիշխում է “ճշմարտությունն ուժեղի կողմն է” սկզբունքը։

Ներսիսյանը շեշտել է, որ պաշտոնական Բաքվի կողմից միջազգային իրավունքի նորմերի կանխակալ մեկնաբանման մասին են վկայում նաև իբր ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն՝ իրենց ագրեսիվ պատերազմ սանձազերծելու իրավունք վերապահելու փորձերը։ “Մինչդեռ ՄԱԿ-ի Կանոնանդրությունը, հակառակը, իրավաբանորեն ամրագրել է միջազգային հարաբերություններում ուժի կիրառման արգելքը, բացառությամբ երկու թույլատրելի դեպքի․ինքնապաշտպանության նպատակով և Անվտանգության խորհրդի որոշմամբ։ Սակայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում Բաքվի կողմից ինքնապաշտպանվելու իրավունքի վկայակոչումը զուրկ է իրավական հիմքերից ինչպես պայմանագրային, այնպես էլ՝ սովորական իրավունքի տեսանկյունից”,- ասել է Արցախի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա նշել է, որ Ադրբեջանը չի կարող վկայակոչել ոչ ՄԱԿ-ի Կանոնադրության Հոդված 51-ը, ոչ ինքնապաշտպանության «հանկարծակի և անհաղթահարելի անհրաժեշտությունը”, քանի որ 1994 թվականից գործում է կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ համաձայնագիր, որը հայկական երկու կողմերը լիարժեք պահպանում են։

“Հիշեցնեմ, որ 1994 թվականի հուլիսի 26-27-ին Արցախը (Լեռնային Ղարաբաղը), Ադրբեջանը և Հայաստանը ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որում վերահաստատել են “հրադադարը պահպանելու իրենց հանձնառությունները՝ ընդհուպ մինչև մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումն”։ Ավելորդ չէ նշել, որ հենց Արցախն է ենթարկվել Ադրբեջանի ագրեսիային, որին հակադարձելու համար ՄԱԿ-ի Կանոնադրության Հոդված 51-ի հետ լիակատար համապատասխանությամբ իրացրել է իր ինքնապաշտպանության իրավունքն”,- ընդգծել է Ներսիսյանը։

Նա հավելել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում ինքնապաշտպանության իրավունքի մասին Ադրբեջանի շահարկումները մերժվել են միջազգային հանրության կողմից, այդ թվում նաև՝ 2016 թ. ապրիլին, երբ Ադրբեջանը, խախտելով կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, լայնածավալ հարձակում է սկսել Արցախի վրա։ ”Հարկ է նշել, որ, գլխավորապես, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ կանխվեց նոր ագրեսիա սանձազերծելու Ադրբեջանի փորձը”,- նշել է Ներսիսյանը։

Նա նաև ասել է, որ արձագանքելով ստեղծված իրավիճակին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը միակարծիք են եղել, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել 1994 թ. կրակի դադարեցման և 1995 թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրերը։

Մասնավորապես, 2016 թվականի դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել կողմերին “խստորեն պահպանել 1994 և 1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերը, որոնք հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հիմքն են հանդիսանում”։

Ավելին, նշել է Ներսիսյանը, միջազգային իրավունքը նաև արգելք է դնում ուժի կիրառման վրա, եթե դա արվում է միջազգային իրավունքի հրամայական նորմ հանդիսացող ինքնորոշման իրավունքը ճնշելու նպատակով։ Ինքնորոշման սկզբունքի դեմ ուժի կիրառման արգելքն ունի միջազգային իրավունքի նորմի սովորական կարգավիճակ և ամրագրված է մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, մասնավորապես, “Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, որոնք վերաբերում են պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը՝ համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության և ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 3314 “Ագրեսիայի բնորոշում” բանաձևի։

Ներսիսյանը հիշեցրել է, որ բացի ուժի կիրառման ընդհանուր արգելքից ՄԱԿ-ի Կանոնադրությունը նաև ամրագրել է միջազգային վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը, համաձայն որի “ՄԱԿ-ի անդամներն իրենց միջազգային վեճերը կարգավորում են խաղաղ միջոցներով, որպեսզի վտանգի չենթարկեն միջազգային խաղաղությունը և անվտանգությունը և արդարությունը”։

Միաժամանակ, Արցախի ԱԳՆ-ում ակնհայտ են համարում, որ տարածաշրջանում հաստատուն խաղաղության և կայունության կարելի է հասնել միայն վերացնելով հակամարտության սկզբնապատճառն, ինչը կայանում է նրանում, որ Ադրբեջանը ժխտում է Արցախում ապրող մարդկանց թե՛ անհատական, թե՛ կոլեկտիվ իրավունքները։ ” Հենց ադրբեջանական իշխանությունների՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի և ահաբեկչության միջոցով ճնշելու փորձն է հանգեցրել նրան, որ քաղաքական խնդիրը վերաճել է զինված առճակատման։ Եվ այսօր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական խոչընդոտներից մեկն այդ ապակառուցողական քաղաքականությունից հրաժարվելու Բաքվի չկամությունն է”,- նշել է Ներսիսյանը։