Բավ է պառակտվել
23-12-2019 16:55

Ստեփանակերտը չի ընդունում “ադրբեջանական համայնքը” արցախյան բանակցությունների մեջ ներգրավելու փորձը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը քննադատել է ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում ադրբեջանական մանիպուլյատիվ հնարքները։

“Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումնը մնում է անփոփոխ։ Մենք կողմակից ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությանը”,- հայտարարել է Սահակյանը երկուշաբթի օրը Երևանում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհոիրդների համատեղ նիստում:

Նա ողջունել է պաշտոնական Երևանի քաղաքականությունը ու քայլերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ:

“Իհարկե, մենք իրատես ենք և հասկանում ենք, որ լիրարժեք ձևաչափի վերականգնումը բարդ ու ժամանակատար գործընթաց է”,- ասել է Արցախի նախագահն, ընդգծելով, որ հայոց դիվանագիտության կարևորագույն առաջադրանքներից է Արցախի, որպես աշխարհաքաղաքական ինքնիշխան գործոնի և սուբյեկտի, կարգավիճակի պահպանման անհրաժեշտությունը:

“Այս ամենը լավ գիտակցում է նաև մեր հակառակորդը՝ դիմելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների, մասնավորապես, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի որպես առանձին սուբյեկտի շահարկումը և չդադարող քայլերն այն բանակցային գործընթացի մեջ խցկելու ուղղությամբ: Սրանով նրանք փորձում են խոչընդոտել լիարժեք ձևաչափի վերականգնումը և զուգահեռ Արցախի անկախ ու կայացած պետություն լինելու փաստն իրականությունից տեղափոխել վիրտուալ տիրույթ”,- կարծիք է հայտնել Սահակյանը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարմիր գծերը

Արցախի նախագահը նշել է, որ դիվանագիտական ճակատում և բանակցություններում հայկական կողմի հաջողությունների հիմնական գրավականը ուժեղ և մարտունակ Զինված ուժերի առկայությունն է, ռազմավարական գործընկերների հետ բարեկամական կապերի ընդլայնումն ու խորացումը, փոխլրացման արտաքին քաղաքականության վարումը։

“Ինչ վերաբերում է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը՝ ցանկանում եմ նորից ընդգծել, որ մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանի առումով”,- հայտարարել է Սահակյանը։

Նա կրկին ընդգծել է, որ կարգավորման որևէ տարբերակ չի կարող վտանգի տակ դնել Արցախի Հանրապետության անվտանգությունը և բնականոն կենսագործունեությունը։ “Սրանք այն նշաձողերն են, որոնք երբեք չպետք է իջեցվեն և այն կարմիր գծերը, որոնք երբեք չպետք է խախտվեն: Այս ամենից է մեծապես կախված և՛ Արցախի, և՛ Հայաստանի հուսալի ու կանխատեսելի ապագան”,- ասել է նախագահը:

Հայաստանի և Արցախի համագործակցությունը որպես կարևոր գործոն

Սահակյանն ընդգծել է, որ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի անցկացումը հնարավորություն է տալիս բազմակողմանիորեն քննարկել երկու հանրապետությունների առաջ կանգնած խնդիրները, գտնել և ընդունել դրանց լուծման օպտիմալ և հիմնավորված տարբերակներ։

Երկրի ղեկավարը Հայաստանի և Արցախի միջև սերտ համագործակցությունն անվանել է բոլոր առկա խնդիրների լուծման կարևորագույն գործոն և վստահություն հայտնել, որ համատեղ ուժերով կիրականացվեն բոլոր ծրագրերն ու կապահովվի հայրենիքի դինամիկ և բնական զարգացումը։

“Հայաստանի Հանրապետությունը և Արցախի հանրապետությունը մեկ հայրենիքի անբաժան մասերն են, և մենք ունենք միասնական նպատակներ ու կարևորագույն խնդիրների լուծման միանման տեսլական”,- շեշտել է Սահակյանը։

Անվտանգության երաշխիք

Նա նշել է, որ Արցախի Հանրապետության գոյության ողջ ժամանակահատվածում, ինչպես պատերազմական տարիներին, այնպես էլ խաղաղ պայմաններում, Արցախի Հանրապետությունը միշտ զգացել է Հայաստանի գործուն աջակցությունը:

“Այսօր էլ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության և բնականոն զարգացման հիմնական երաշխավորը: Եվ մեր առջև ծառացած կարևորագույն հրամայականներից մեկը հանդիսանում է ներհայկական միասնականության շարունակական խորացումն ու ընդլայնումը: Բնական է, որ առաջնային խնդիրներից եղել և մնում է Արցախի անվտանգության ապահովումն”,- ասել է Սահակյանը:

Նա նշել է, որ միասին իրականացվում են մեծածավալ աշխատանքներ հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման, զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման, զինծառայողների սոցիալական և կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ:

“Եվ այն, որ բանակաշինությանն առնչվող որոշ հարցեր այսօր ընդգրկված են անվտանգության խորհուրդների համատեղ նիստի օրակարգում՝ դրա վառ ապացույցն է։ Մեր Զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովումն, ինչը պահանջում է ամենօրյա նպատակասլաց աշխատանք, նպաստում է տարածաշրջանում կայունության և խաղաղության, ինչպես նաև ռազմաքաղաքական հավասարակշռվածության արդյունավետ պահպանմանը”,- հավելել է Արցախի նախագահը։

Նա նշել է, որ անվտանգության հարցերը առանցքային նշանակություն ունեն նաև Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հայեցակարգում, ինչը բնական է, հաշվի առնելով Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերությունները և տարածաշրջանի աշխարհաքաղաքական յուրահատկությունը։

Հակամարտության սկիզբը

Ղարաբաղյան հակամարտությունն սկսվել է 1988 թվականին առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու հայտարարությունից հետո։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում կայացել է հանրաքվե, որի ընթացքում բնակչության 99,89 տոկոսը քվեարկել է հօգուտ Ադրբեջանից լիակատար անկախության։
Դրանից հետո Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում վերջինս կորցրել է վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ տարածքի նկատմամբ։

1994 թվականի մայիսի 12-ին զինադադարի եռակողմ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցվել են ռազմական գործողությունները, որոնց պատճառով երկու կողմից զոհվել է շուրջ 25-30 հազար մարդ, իսկ մոտ 1 միլիոնը ստիպված լքել է իր տները:

Հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը պահպանվում է մինչ այժմ: 1992 թվականից մինչ օրս ընթանում են հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Ռուս խաղաղապահ ուժերը բերվել են Լեռնային Ղարաբաղ
BBC թղթակից Ջոնաթան Ֆիշերի տեսանյութը Ստեփանակերտից
WarGonzo. Արցախում բնակվող 84-ամյա ռուս տատիկ Կատյայի պատմությունը, որը չի պատրաստվում լքել Ստեփանակերտը (տեսանյութ)
Արցախյան հակամարտության խնդիրը ոչ թե սեղանի շուրջ, այլ ռեալ հողի վրա լուծելու հարց է․ Թևան Պողոսյան
Ադրբեջանական զինուժը երկու օր անընդմեջ գնդակոծում է Արցախի խաղաղ բնակիչներին