Բավ է պառակտվել
14-10-2022 17:51

Հայաստանի իշխանությունների խաղաղություն հաստատելուն ուղղված ձգտումները չպետք է հակասեն Արցախի շահերին. նախագահ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ իր գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ նշել է, որ Արցախում կարևորում են ՀՀ իշխանությունների՝ երկրում և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված ձգտումները՝ շեշտադրելով սակայն, որ դրանք չպետք է հակասեն հայ ժողովրդի անբաժան մասի՝ արցախահայության շահերին, որը հայ ժողովրդի անբաժանելի մասն է.

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ջանքերով հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն առնչվող որոշ հարցեր:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, սակայն հանդիպման մասին տեղեկություն ՀՀ վարչապետի կայքում չի հրապարակվել։

Հոկտեմբերի 13-ին Արցախի Ազգային ժողովի պատվիրակությունը՝ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Արցախի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԺ պատվիրակությունն ընդգծել է, որ Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում, շեշտելով, որ Արցախը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացի վերսկսմանը՝ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ։ Հայաստանի ԱԽ-ից հայտնել են, որ Գրիգորյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է բոլոր ուղղություններով շարունակվող բանակցային գործընթացի մանրամասները, որից հետո կողմերը մտքեր են փոխանակել և գնահատականներ ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ։

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են արցախահայությանը և Հայաստանի քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր։ Սիմոնյանը ներկայացրել է միջազգային գործընկերների հետ վերջին հանդիպումների, ինչպես նաև Ռուսաստան կատարած այցի մանրամասները։ Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի և Արցախի միջև բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում։ Արցախի գործընկերների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։