Բավ է պառակտվել
21-09-2020 16:02

Երրորդ համաշխարհային պատերազմը վաղուց է սկսել, մեր տարածաշրջանն էլ պայթունավտանգ է․Վիտալի Բալասանյան

 

«Այսօր Լեռնային Ղարաբաղի խնդրով բանակցությունները փակուղում են և բանակցություններ չկան Հայաստանի քաղաքական իշխանության՝ առաջին դեմքի պատճառով»։ Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:

Հարցին, արդյո՞ք այս պահին պատերազմի վտանգ կա, Բալասանյանը նկատեց՝ երրորդ համաշխարհային պատերազմը վաղուց է սկսել, մեր տարածաշրջանն էլ պայթունավտանգ է։

«
Մանավանդ վերջին ժամանակահատվածում մենք տեսնում ենք Թուրքիայի հայտարարություններն ու գործողությունները ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Միջերկրական ծովում, Լիբիայում։ Այո, Հարավային Կովկասում պայթյունավտանգ իրավիճակ է՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-Իրան, Իրան-ԱՄՆ հարաբերությունները», -ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը, որ Ալիևը հայտարարել է, թե բանակցային գործընթացը կանգ է առել, մինչդեռ Հայաստանի իշխանություններն ասում էին, որ տևական ժամանակ է՝ բանակցում են, Բալասանյանն ասաց.

«Վերելակային դիվանագիտության մասին խոսել եմ, այս պահին բանակցություններ չկան, փակուղում է ՀՀ քաղաքական իշխանության առաջին դեմքի կողմից»:

Խոսելով  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարության մասին, որ բանակցություններ չեն լինելու, այն որակեց    վտանգավոր:

«Վտանգավոր հայտարարություն է արել Արայիկ Հարությունյանը, դա շատ վտանգավոր հայտարարություն է, չի՛ կարելի նմանատիպ հայտարարություններ անել, «չի՛ կարելին» վերաբերում է և՛ Հայաստանի, և՛ Արցախի քաղաքական ղեկավարներին, որ Արցախը Հայաստան է, և վերջ, դա շատ վտանգավոր է: Արցախը երկրորդ հայկական հանրապետությունն է, երբ Արցախի Հանրապետության հարցը՝ քաղաքականապես, միջազգայնորեն կճանաչվի, խնդրեմ՝ Արցախում և Հայաստանում ապրող ողջ հայությունը թող որոշեն՝ ունենալ՝ 1 Արմենիա՝ 2 հայկական հանրապետությո՞ւն, թե՞ 1 Արմենիա ընդհանրապես 1 դրոշով»:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե Փաշինյանի կարծիքը չկիսող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ չի հանդիպելու, Բալասանյանն ասաց, եթե ինքը լիներ Արցախի նախագահ, նման հայտարարություն չէր անի։

Լրագրողները Բալասանյանից հետաքրքրվեցին, թե Արցախում քաղաքական դաշտն ինչպիսի՞ն է այսօր։  «Ես արձանագրում եմ այն, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում շատ վտանգավոր քաղաքականություն են վարում: Խոսքը վերաբերում է ՀՀ ներքին սոցիալական, կորոնավիրուսի պայմաններում, բոլոր ձախողումներին՝ կրթություն, եկեղեցի, անվտանգություն, Ղարաբաղի հարց, դրական որևէ մոտեցում չեմ տեսնում: Այս իշխանությունները չկարողացան անել այն, ինչ խոստացան մեր ժողովրդին, պետք է այս իշխանությունները հեռանան»,- ասաց գեներալը: