հաղթելուենք
13-10-2020 11:53

Թուրքիան հնարավոր բոլոր միջոցներով ձգտում է թույլ չտալ հրադադարի իրականացումը. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարի շարունակվող խախտումների վերաբերյալ՝ նշելով, որ Թուրքիան, չհասնելով իր առջև դրված նպատակներին և այդ պատճառով շահագրգռված չլինելով տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման մեջ, հնարավոր բոլոր միջոցներով ձգտում է թույլ չտալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածության իրականացումը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ի հեճուկս 2020 թ հոկտեմբերի 9-10 Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ մարդասիրական նպատակներով ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը, ադրբեջանական բանակը, գտնվելով Թուրքիայի հրամանատարության և ղեկավարման ներքո, շարունակում է ագրեսիվ գործողությունները և Արցախի տարածքի հրետակոծությունները, այդ թվում՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա։ 

Մարդասիրական հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը` Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց ընդամենը րոպեներ անց։ Ադրբեջանա-թուրքական ուժերը չդադարող հրթիռա-հրետանային գնդակոծությանը զուգահեռ հարձակումներ են ձեռնարկում առաջնագծի տարբեր ուղղություններով։ Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ մարդասիրական հրադադարի մասին հայտարարելուց հետո Հադրութի ուղղությամբ դիվերսիոն հարձակումների արդյունքում սպանվել է չորս խաղաղ բնակիչ։  

Թուրք-ադրբեջանական ուժերի փաստացի հրաժարումը՝ դադարեցնելու կրակը, միանշանակ վկայում է, որ Թուրքիան, չհասնելով իր առջև դրված նպատակներին և այդ պատճառով շահագրգռված չլինելով տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման մեջ, հնարավոր բոլոր միջոցներով ձգտում է թույլ չտալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածության իրականացումը։ Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների ձեռքերով Հարավային Կովկասում իր աշխարհաքաղաքական ծավալապաշտական խնդիրները լուծելու փորձերից։ 

Այս պայմաններում, երբ մի կողմը՝ ի դեմս Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների, համառորեն ընդդիմանում է խաղաղության հաստատմանը, միջազգային հանրությունը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ պարտադրող բնույթի՝ տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար։ Այս ուղղությամբ կարևոր քայլ է նաև Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Արմինե Գևորգյան

Հենց Ադրբեջանն է նախաձեռնել հակամարտությունն Արցախի դեմ. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Արցախի ԱԳՆ-ն ԵԱՀԿ մոնիթորինգի մասին․Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել առաջնագիծ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը կրակի դադարի հաստատման վերաբերյալ (17.10.2020)
Ադրբեջանը հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե. Արցախի ԱԳՆ
ԱՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու վերաբերյալ