Բավ է պառակտվել
07-03-2022 18:55

Հայաստանում և Արցախում բացահայտվել է լրտեսական ցանց (տեսանյութ)

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել և չեզոքացրել է հերթական գործակալական ցանցի գործունեւթյունը, կանխելով տեղեկատվության հետագա փոխանցումը, հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը։

Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական մարմինների որոշ աշխատակիցներ։

Դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ վերոհիշյալ անձանց հավաքագրելու, իրենց գործունեությունն առավել դյուրին և անխոչընդոտ իրականացնելու, բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով օտարերկրյա հատուկ ծառայությունները սոցիալական կայքերում տեղադրել են օտարերկրյա պետություններում բարձր վարձատրությամբ աշխատանքի ընդունելու վերաբերյալ գովազդային կեղծ հայտարարություններ՝ որպես պայման առաջարկելով համապատասխան հավելվածը բացելու միջոցով լրացնել աշխատանք փնտրող անձի անհատական և կենսագրական տվյալները:

Հետագայում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները գումարի դիմաց առաջարկել են համագործակցել իրենց հետ և տեղեկություններ տրամադրել Արցախում և Հայաստանում տեղակայված ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների, ռազմական տեխնիկայի, զորամասերի, սպառազինության, ռազմամթերքի, զինվորականների, նրանց թվի և տեղակայման վայրերի, մարտական դիրքերի, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք կազմող փաստաթղթերի վերաբերյալ։

Ընդ որում, առանձին դեպքերում հավաքագրված անձինք օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջարկով վերջինների հետ հանդիպել են երրորդ երկրներում, ստացել ծածկանուններ, ստորագրել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ համագործակցության հանգամանքը հավաստող փաստաթղթեր, դարձել հաստիքային գործակալներ և տվել իրենց համաձայնությունը՝ հայտնել երկրում տեղի ունեցող քաղաքական և ռազմական բնագավառների իրադարձությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև հանձնել պետական, ռազմական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։
Առաջադրված խնդիրների ամբողջական և հաջող իրականացման համար օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները հավաքագրված անձանց հատկացրել են անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ, այդ թվում՝ հատուկ ծրագրային ապահովմամբ և տեխնիկական միջոցներով հագեցված համակարգիչներ:
Ձեռք են բերվել նաև փաստական տվյալներ, որ գործակալական ցանցում ընդգրկված որոշ անձինք նախապես տեղեկացված են եղել նաև Արցախի Հանրապետության դեմ սպասվող պատերազմի և դրա հստակ օրվա մասին, որով պայմանավորված օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջադրանքով, մինչև պատերազմի սկսվելը, ակտիվորեն տեղեկատվություն են հավաքել և բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել նաև Արցախ ժամանած և հյուրանոցներում տեղավորված անձանց, Արցախի տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների տեսակների, քանակի, գտնվելու վայրերի, բարձրագույն հրամանատարական կազմի կենսորոշիչ տվյալների մասին, որով հակառակորդին պատերազմն սկսելուց առաջ ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, իրականացնել թիրախավորված հարվածներ, շարքից հանել հակաօդային պաշտպանության միջոցները, ոչնչացնել ռազմավարական նշանակություն ունեցող պահեստները:
Պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է ընդհանուր թվով 16 անձ, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ: Նրանցից 10-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։
Ընդ որում, պետական դավաճանություն կատարած անձանց մի մասը բռնվել է հերթական անգամ առաջադրանք կատարելու պահին, և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կանխվել է տեղեկատվության հետագա փոխանցումը:

ԱԱԾ-ն հորդորում են բնակչությանը՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել ևս՝ նրանց հետ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: