Բավ է պառակտվել
01-02-2018 14:13

ՀՀ կառավարությունում կհայտնվի առաջին փոխվարչապետ, իսկ նիստերը կանցնեն դռնփակ

Հայաստանի կառավարության կառուցվածքը կփոխվի, կհայտնվի առաջին փոխվարչապետ, իսկ նիստերը կանցնեն դռնփակ, այս մասին հինգշաբթի օրը կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործողության մասին» օրենքի նախագծին, որը նախատեսում է առաջին փոխվարչապետի պաշտոնի ներդնում:

«Սույն օրինագծով նախատեսված է, որ կառավարությունը կազմավորված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից և երկու փոխվարչապետերից: Կառավարության կազմում կլինեն 18 նախարարներ», - ասել է Հարությունյանը:

Նորամուծությունների թվում նա նշել է նախարարների պարտադիր երդմնակալության արարողությունը`հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանի ու դատական համակարգի անդամները նույնպես երդվում են: Բացի այդ, նախատեսվում են իրավիճակներ, որոնց դեպքում վարչապետը պարտավոր կլինի հրաժարական տալ, մասնավորապես, այլ երկրի քաղաքացիություն ստանալու կամ օրենքով նախատեսված դեպքերում անհամատեղելիության պահանջների խախտման դեպքում։

Լրացումներով նախատեսված կարևոր դրույթների թվում նախարարը նշեց նաև կառավարության նիստերի դռնփակ անցկացումը: Միայն բացառիկ դեպքերում, վարչապետի որոշմամբ, կառավարության նիստերի որոշ հատվածներ կարող են անցկացվել բաց ձևաչափով:

Միևնույն ժամանակ, կառավարության գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով նախատեսված են երաշխիքներ՝ լուսաբանման ու անցկացված նիստերի մանրամասները հասարակությանը ներկայացնելու վերաբերյալ։

«Հայաստանը բաց նիստեր անցկացնելու տեսանկյունից բացառություն է գրեթե ողջ աշխարհում: Դա հաճախ բացասական հետևանքների է բերում: Այսօր, անգամ ամենաժողովրդավարական երկրներն իրենց կառավարության նիստերը դռնփակ են անցկացնում», - նշել է Հարությունյանը:

Նրա խոսքով, դռնփակ ձևաչափով կառավարության նիստերի անցկացումը թույլ է տալիս ավելի անկեղծ ու ազատ քննարկել տարբեր հարցեր` քննադատություններով հանդես գալ այս կամ այն կետերի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ խոսքը միայն ԶԼՄ-ների չի վերաբերում, և հավելել, որ այսօր նիստերին ներկա են լինում նաև տարբեր կառույցների ներկայացուցիչներ, որոնք սակայն կառավարության անդամ չեն հանդիսանում, :

Կառավարությունը նաև փոփոխություններ է մտցրել«Պետական կառավարման մարմինների մասին» օրենքում, որով կարգավորվում է իշխանության տարբեր մարմինների, այդ թվում` նախագահի, վարչապետի ու տարբեր պետական կառուցվածքներին առընթեր մարմինների ձևավորման ու գործողության կարգը: