Բավ է պառակտվել
28-06-2022 20:25

Արցախի Պաշտպանության բանակում այսուհետ ժամկետային զինծառայողներ չեն ծառայելու․ ՊՆ ԳՇ

Ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել է, որ այս պահին Արցախում ծառայությունը կիրականացնեն պայմանագրային զինծառայողները, ասել է ԶՈՒ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը։

«Մեր վերջին ժամկետային զորակոչը 2020-ի ամռան զորակոչն է, որը կզորացրվի հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 30-ը, և այլեւս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ: Արցախում ծառայության գրավչության համար մշակված է լուրջ փաթեթ, ըստ դրա՝ պայմանագրայիններով են համալրվում Արցախի ՊԲ-ի թափուր հաստիքները»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Սահակյանը պարզաբանել է, որ այս փաթեթի հիման վրա պայմանագրային զինծառայողներ են հավաքագրվելու Արցախի ռեզերվներից։

«Այնտեղ մենք ոչ մի բացթողում չունենք, ոչ մի խնդիր սահմանին ու ներքին ծառայության մեջ, որպեսզի բավականաչափ զորք չունենանք ծառայելու համար»,- ասել է նա։

Նա վստահեցրել է, որ Արցախն ունի բավարար ռեսուրսներ, ծառայությունը կազմակերպվում է պայմանագրային զինծառայողների ուժերով։

«Գլխավոր նպատակը ժամկետային զինծառայողներին առաջնագծից հանելն է, մենք նման փորձ ունենք Հայաստանի տարածքում, այսուհետ ժամկետայինները առաջնագծում մարտական ​​հերթափոխերում չեն ընդգրկվի։ Նպատակներից մեկն էլ հնարավորինս շուտ զինվորին առաջնագծից հանելն է»,- նշել է նա։

Ըստ Սահակյանի՝ ժամկետային զինծառայողները զբաղվելու են միայն պատրաստությամբ։ Անհրաժեշտության դեպքում կներգրավվեն։

«Զորակոչիկներին առաջնագիծ չեն ուղարկում, Արցախի պաշտպանության նախարարի որոշմամբ այս զորակոչից նոր կարգ է սահմանվում․ բոլոր նորակոչիկները ծառայության են անցնելու հրաձգային-ուսումնական գումարտակներում։ Այնտեղ մնալու են շուրջ 5 ամիս՝ մինչև ուսումնական փուլի ավարտը, որպեսզի զինվորներն առանց պատշաճ պատրաստության մարտական ​​հերթափոխի չգնան։ Նրանք կարող են ընդգրկվել մարտական հերթափոխում միայն 5-6 ամիս անց»,- ասել է նա։

Սահակյանը հաստատել է, որ խոսակցություններ կան զինծառայության ժամկետների կրճատման մասին, սակայն դեռ որոշում չկա, քննարկումներ են ընթանում։