Բավ է պառակտվել
09-12-2022 19:24

Արցախում քաղաքացիական պաշտպանության պլան կմշակվի

Արցախի պետական ​​նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն ուրբաթ օրը հրավիրել է խորհրդակցություն՝ քաղաքացիական պաշտպանության համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ, հայտնում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը։

Խորհրդակցության ընթացում ներկայացվել և քննարկվել է ԱՀ քաղպաշտպանության պլանը, փաստաթղթի վերաբերյալ ներկայացվել են առաջարկներ: Կարևոր է համարվել առկա մարտահրավերներին համահունչ, իրատեսական և կենսունակ փաստաթղթի մշակումը:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը քաղպաշտպանության պատշաճ մակարդակով կազմակերպումն առաջնային է համարել բնակչության անվտանգության տեսանկյունից՝ ընդգծելով, որ այն նաև կառավարության գործունեության գերակա խնդիրներից մեկը պետք է լինի:

Նա կարևոր է համարել քաղպաշտպանությունում ներգրավված գերատեսչությունների փոխգործակցված և համակարգված աշխատանքը, պարբերական ուսումնավարժանքների իրականացումը, ինչպես նաև բնակչության շրջանում ուսումնական միջոցառումների կազմակերպումը:

Խորհրդակցության ընթացքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ քաղպաշտպանության ոլորտին վերաբերող խնդիրների քննարկման համար։