Բավ է պառակտվել
29-12-2020 17:21

Ֆեյսբուքն Արցախում սահմանափակվելու է, իսկ աղանդավորներն արտաքսվելու են. Բալասանյան (հարցազրույց)

Ասկերանի մի մասը եւ Հադրութի շրջանը, ՀՀ և ՌԴ հետ աշխատանքներ տանելուց հետո, վերադարձնելու ենք։ Այդ մասին Արցախի Հանրային հեռուստաընկեությանը հայտարարել է Արցախի ԱԽ քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։
Հարցազրույցում նա խոսել է արցախյան հակամարտության հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «սխալ քաղաքականության», «Ասկերանն ու Հադրութն Արցախին վերադարձնելու», «Ֆեյսբուքն Արցախում փակվելու» և «աղանդներն արտաքսելու» մասին:

Չեմ հանդիպել Փաշինյանին
Բալասանյանը նախ ասել է, որ օրեր առաջ եղել է Երևանում պաշտոնական այցով: Նպատակը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի և պաշտպանության նախարարի հետ հանդիպումներն էին:
«Երկու օր աշխատել եմ նրանց հետ, առաջարկել եմ ՊՆ-ին, որ ինքը զեկուցի ՀՀ վարչապետին, նա զեկուցել է, հետո տեղեկացրել, որ խնդիր չի եղել: Քննարկվել են Արցախի և ՀՀ զինված ուժերի համագործակցության, Արցախի սուբյեկտայնության բարձրացման հարցեր, ասվել է, որ Արցախի ԶՈւ-ն և դրան հավասարեցված բոլոր կառույցները պետք է լինեն Արցախի քաղաքական և ռազմական իշխանությունների ենթակայության ներքո», - ասել է նա:
Բալասանյանը նշել է, որ այդ օրերին երբևիցե չի հանդիպել Փաշինյանին և խնդրում է վերջ դնել ասեկոսեներին։

Պատերազմի վերսկսման պատճառների մասին
Բալասանյանն ասել է, որ պատերազմը բռնկվել է Նիկոլ Փաշինյանի վարած սխալ քաղաքականության հետևանքով, ստեղծվել է փակուղային իրավիճակ, որի այլընտրանքը պատերազմն էր։
«Իհարկե, կարող էինք խուսափել։ Վստահեցնում էին, թե մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները բարվոք են, ես այդպես չէի գնահատի։ Մենք պետք է ճկուն քաղաքականություն վարեինք, այդ թվում Իրանի հետ, մեր դաշնակից Ռուսաստանի հետ», - ասել է նա ու հավելել, որ այժմ էլ ամեն ինչ կորսված չէ ՀՀ-ի և Արցախի համար։
«Հիմա Արցախի տարածքն ավելի քիչ չէ, քան 91-92 թվականներին։ Մենք պետք է դասեր քաղենք եւ ՀՀ և ՌԴ հետ հարաբերություններում պետք է որպես սուբյեկտ հանդես գանք։ Արցախը որպես սուբյեկտ նոյեմբերի 9-ի հայտարարությունում չկա», - նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահ Պուտինին, որն «ամեն օր ցանկացել է կանգնեցնել պատերազմը»։

Այնուամենայնիվ նա նշել է, որ նոյեմբերի 9-ին ընդունված փաստաթուղթը չի վերաբերում Արցախին, բայց «մենք այստեղ տեղակայված խաղաղապահ զորակազմի հետ գործակցում ենք հավասարը հավասարի պես»։

«Գեներալ-լեյտենանտ Ռուսլան Մուրադովի հետ գործակցում եմ ես։ Համոզված եմ, որ ավելի է խորանալու ՌԴ հետ մեր համագործակցությունը։ Բաքվի հայտարարությունը, թե Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է՝ իրականությունից շատ հեռու է։ Հրադադարից հետո եղել են տարածքային խախտումներ Ադրբեջանի կողմից, բայց դրանք ժամանակավոր են», - հայտնել է նա։

Ասկերանի մի մասը և Հադրութի շրջանը վերադարձվելու են
Բալասանյանը հայտնել է, որ լինելու են սահմանների ճշտում և «մեր ստատուսի հստակեցում»։ «Ասկերանի մի մասը և Հադրութի շրջանը, ՀՀ և ՌԴ հետ աշխատանքներ տանելուց հետո, վերադարձնելու ենք։ Մենք չենք պարտվել։ 91-93 թվին ավելի ծանր վիճակ է եղել», - հայտարարել է նա։
Արցախի ԱԽ քարտուղարը պատրաստվում է հանդիպումներ սկսել բոլոր համայնքների ղեկավարների, ԶՈւ հրամանատարների հետ: «Կարիք ունենք զորքերը համալրել, մարդիկ բարձր աշխատավարձով կարող են ծառայել: Դա մեր բոլորիս սրբազան պարտնք է», - հայտնել է նա։

«Ստեղծելու ենք սահմանապահ զորքեր, մշտական զորքեր, ամբողջը լինելու է մեր Պաշտպանության բանակի ներքո, Բանակն էլ ենթարկվելու է ԱԽ-ին, լինելու են Բանակ և աշխարհազոր, ոստիկանությունն ունենալու է ուժեղացված գումարտակ, ԱԱԾ-ն՝ հատուկ ստորաբաժանում։ Այդ ամենին տալու ենք օրենքի ուժ։ Նաև հակաահաբեկչական գործողություն ենք իրականացնելու, ահաբեկիչները դեռ չեն հեռացել այս կողմերից», - հավելել է Վիտալի Բալասանյանը։

Նրա կեղծ է որակել խոսակցություններն այն մասին, որ ադրբեջանցիները շրջում են մեր տարածքում, խանութներ են մտնում։ «Բոլոր խախտումները կասեցվելու են, այդ թվում խաղաղապահ զորակազմի կողմից։ Քրեական գործեր կհարուցվեն․ ալկոհոլ օգտագործելու դեպքում նրանք հետ կուղարկվեն ՌԴ, այդպիսի մեկ դեպք եղել է և նա ուղարկվել է Ռուսաստան։

Թմրամիջոցներ օգտագործելն արգելված է Արցախի տարածքում, օգտագործողներն Արցախից կարտաքսվեն։ Աղանդավորական բոլոր գրասենյակներին կոչ եմ անում րոպե առաջ փակել դրանք ու հեռանալ, մենք դրանց գործունեությունն Արցախում թույլ չենք տալու։ Մենք Հայ եկեցղեցու հետևորդներն ենք, այլ ուղղություններ այստեղ չեն լինելու։ Արցախի տարածքը սրբավայր է», - նշել է Բալասանյանը։

Զբաղվելու է նաև գերիների հարցով
Վիտալի Բալասանյանն ասել է նաև, որ զբաղվելու է նաև գերիների և անհետ կորածների հարցերով: «Ադրբեջանը նորմերը չի պահպանում, իրենք բոլոր գերիներին վիրահատել են, իսկ Ադրբեջանը չի կարող մեկ դեպք ցույց տալ, որ լավ է վերաբերվել հայ զինվորին», - հայտնել է նա։
«Մենք վախենալու ոչինչ չունենք, իհարկե, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ ռազմատենչ հայտարարություններ է անելու, որպեսզի մենք բարոյալքվենք, հուսալքվենք, կամաց-կամաց տեղափոխվենք մեր տարածքից, բայց ժամանակները փոխվել են։ Այստեղ հազարամյակներով ապրել են հայեր, և դեռ էլի հազարամյակներով ապրելու են։
Մենք երբևէ մատ թափ չենք տվել Ադրբեջանի ժողովրդի վրա, բայց երբ երկրի առաջին դեմքը մատ է թափ տալիս, դա շատ վտանգավոր է նրա համար, նրա ժողովրդի համար։ Կապրենք՝ կտեսնենք, թե կարճ ժամանակում ինչ իրավիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը։ Փակագծերը չեմ ուզում բացել, բայց դրան մենք կողքից թամաշա ենք անելու։ Նրանք նորմերը պետք է պահպանեն։ Մենք չենք ընկել, որ կոխկրտելով անցնեն մեր վրայով, իրենք 94-ին ընկել էին, բայց մենք չենք կոխկրտել», - շեշտել է նա։

Որոշումներից մեկը վերաբերելու է Ֆեյսբուքին
Վիտալի Բալասանյանն ասել է, որ ԱԽ առաջիկա որոշումներից մեկը վերաբերելու է Ֆեյսբուքին․
«Այնտեղից ոչ ոք չի կարողանալու պաշտոնական հաղորդագրություն տարածել, Արցախի նախագահից սկսած․ ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց՝ կգնա տուն։ Մտնեք մարդկանց աշխատավայրեր, կտեսնեք՝ նստած են համակարգչի առաջ, ինչ որ բան են գրում կամ կարդում ուրիշի գրածը, դա դադարեցվելու է։ Արցախում բոլորն այնպես պետք է աշխատեն, որ պատկերավոր ասած, երեկոյան գուլպաները ոտքերից հանելու պահին քուն մտնեն», - նշել է նա։
Ըստ Բալասանյանի՝ մինչև սեպտեմբեր ժողովուրդն ինտերնետի վրա ծախսել է 15 միլիարդ դրամ և դա խայտառակություն է, քանի որ Արցախի բյուջեն 120 միլիարդ է։
Ստեղծվելու է հանձնաժողով, որտեղ հրավիրված տեխնոլոգներ են աշխատելու, բոլորն էլ՝ հայ, որոնք օգնելու են մշակել արտաքին քարոզչական սպառնալիքներին դիմակայելու ծրագիրը, և ներքին լրատվական քաղաքականությունը։

Արմինե Գևորգյան

Արցախի ջրային անվտանգությունը՝ սպառնալիքի տակ․ ԱԳՆ-ն տեղեկացրել է ԵԱՀԿ-ին
«Չլսեք մարդկանց, որոնք ընտրություներից առաջ հայտնվում են համայնքներում և զանազան խոստումներ տալիս». Վիտալի Բալասանյան
Ռուս խաղապահներն ապահովում են Արցախի գյուղացիների անվտանգությունը
Մշակվում է ռազմավարական նոր հայեցակարգ՝ Արցախից նույնպես կմասնակցեն
Մենք այդպես էլ չլսեցինք, թե ովքեր են Արցախում դավադիր ուժեր. Վիտալի Բալասանյան