Բավ է պառակտվել
12-11-2022 14:10

Արցախում ցանկանում են, որ ռուս խաղաղապահները անժամկետ մնան․ ԱԳՆ ղեկավար

Արցախում ցանկանում են, որ ռուս խաղաղապահները մնան անժամկետ, որովհետև նրանց մնալը միակ երաշխիքն է խաղաղության և կայունության: Այս մասին Gala-TV-ին տված հարցազրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նա նշել է, որ Հանրապետության Պաշտպանության բանակը աչալուրջ է, խաղաղապահներն էլ իրականացնում են իրենց գործառույթները, ինչպես որ պետք է։

«Ադրբեջանը մշտապես դիմել է և շարունակելու է դիմել սադրանքների, որովհետև չեն փոխվել Ադրբեջանի մոտեցումներն ու նպատակները, հավակնությունները: Պատճառը միանգամայն ակնհայտ է՝ ատելություն Արցախի հայերի և Ռուսաստանի նկատմամբ, բայց այդ քայլերն իրականացնելու համար առիթներ են պետք, և այս ժամանակահատվածում Ադրբեջանի ակտիվությունը պայմանավորված է ռուս-ուկրաինական իրավիճակով, որովհետև նրանց համար հիմա շատ հարմար պահ է, որպեսզի հարձակվի և իրականացնի իր նպատակներն»,- ասել է Բաբայանը։

Նրա խոսքով, Ադրբեջանն իր գործողություններով ոչ միայն հարվածում է Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին, որովհետև հենց Ուկրաինայում իրավիճակը լարվում է, Ադրբեջանն այստեղ սկսում է ակտիվանալ և ուժեղացնում է իր ապատեղեկատվական քարոզչությունն ու աշխարհաքաղաքական շանտաժները:

«Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են, որ Ռուսաստանը պարտվի Ուկրաինայում, որպեսզի Ռուսաստանը մասնատվի, մենք տեսնում ենք, թե ինչ քարոզչություն է իրականացվում Ադրբեջանում ռուս խաղաղապահների դեմ՝ հրադադարի խախտման հետ մեկտեղ»,- շեշտել է Արցախի ԱԳՆ ղեկավարը։

Նախօրեին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է փաստաթուղթ ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի ավտոմատ երկարաձգման մասին։

Ըստ Փաշինյանի՝ տեսականորեն հնարավոր է, որ 2025 թվականից հետո ռուս խաղաղապահների ներկայության կարիք այլևս չլինի, եթե ստեղծվեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների բոլոր երաշխիքները, ապացուցվի դրանց արդյունավետությունը։