Բավ է պառակտվել
11-02-2022 23:20

Արցախում պետական մակարդակով կնշվի ազգային-ազատագրական շարժման 34-րդ տարեդարձը

Արցախում ձևավորվել է ղարաբաղյան ազգային–ազատագրական շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման համար պետական հանձնաժողով։

Խորհրդարանի մամլո ծառայության հաղորդմամբ՝ հարցը քննարկվել է Արցածի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հրավիրած խորհրդակցությանը, որին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, խմբակցությունների ղեկավարները, աշխատակազմի պատասխանատուները, ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը։
Քննարկման արդյունքում ձևավորվել է հանձնաժողովի հետևյալ կազմը․ նախագահ՝ Թովմասյան, տեղակալներ՝ Շահրամանյան և Խաչատրյան, անդամներ՝ ԱԺ 4-րդ գումարման «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների ղեկավարներ, ԱԺ արտաքին հարաբերությունների գծով մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայան, արտգործնախարար Դավիթ Բաբայան, մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Մամլո հաղորդագրության համաձայն՝ հանձնաժողովի անդամները քննարկել են ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագիրը, ժամկետները և պատասխանատուների գործառույթները։

Ղարաբաղյան հակամարտությունը

Ղարաբաղյան հակամարտությունն սկսվել է 1988 թվականին առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու հայտարարությունից հետո։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում կայացել է հանրաքվե, որի ընթացքում բնակչության 99,89 տոկոսը հանդես է եկել հօգուտ Ադրբեջանից լիակատար անկախության։

Դրանից հետո Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում վերջինս կորցրել է վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ տարածքի նկատմամբ։

1994 թվականի մայիսի 12-ին զինադադարի եռակողմ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցվել են ռազմական գործողությունները, որոնց պատճառով երկու կողմից զոհվել է շուրջ 25-30 հազար մարդ, իսկ մոտ 1 միլիոնը ստիպված լքել է իր տները: 1992 թվականից մինչ օրս ընթանում են հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

2020թ․ Արցախում 44-օրյա պատերազմի մասին

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ ագրեսիա են իրականացրել Արցախի դեմ ճակատում և թիկունքում՝ հրթիռահրետանային զենքերի, ծանր զրահամեքենաների, ռազմական ինքնաթիռների և արգելված տեսակի զենքերի (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք) գործադրմամբ։ Հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական և ռազմական օբյեկտներին Հայաստանի տարածքում։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն, կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում. Շուշի, Աղդամ, Քելբաջար և Լաչին շրջանները անցնում են Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին տարածաշրջանի զարգացման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

Վերջին տվյալների համաձայն՝ Արցախում 44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվել է 3812 մարդ, անհետ կորած է համարվում 217 անձ,, ադրբեջանական գերությունից վերադարձվել է 141 զինծառայող և քաղաքացիական անձ։