Բավ է պառակտվել
15-12-2022 14:51

Արցախում քննարկվել է պարենամթերքի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների պաշարների հետ կապված իրավիճակը

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է պետական բոլոր մարմինների կողմից ռազմական դրության աշխատանքային ռեժիմի կանոնների խստագույնս պահպանումն ու բարձր կարգապահության դրսևորումը: «Օրենքի առաջ բոլորս հավասար ենք, զբաղեցրած պաշտոնը չի կարող առավելություն տալ որևէ հարց լուծելու։ Միայն այս մոտեցմամբ է հնարավոր հաղթահարել մարտահրավերները, ինչպես նաև անարդարության զգացողությունը»,- ասել է նա։

Խորհրդակցության ընթացքում ոլորտների պատասխանատուները պետնախարարին զեկուցել են սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների առկա պաշարների և այդ ապրանքախմբերի շուկաներում տիրող ընթացիկ իրավիճակի մասին:

Անդրադառնալով գնաճային հնարավոր դրսևորումներին՝ պետնախարարն անթույլատրելի է համարել տնտեսվարողների կողմից, նման բարդ իրավիճակն օգտագործելով, ապրանքների գների անհարկի բարձրացումները: Նա նաև պատասխանատուներին հանձնարարել է առաջին անհրաժեշտության մթերքներից բացի կազմել կարևոր այլ՝ օրինակ, նորածինների համար նախատեսված սննդի և նման այլ ապրանքատեսակների ցանկը, որոնք առաջնային ապահովման կարիք ունեն:

Ներկայացվել է նաև էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, քննարկվել է այնպիսի միջոցառումների իրականացումը, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի դեֆիցիտը: Միաժամանակ ընդգծվել է սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների պարտաճանաչ իրականացման կարևորությունը:

Զեկուցվել է նաև, որ հանրապետությունում բավարար ալյուրի պաշարներ կան, և հացի արտադրությունը բնականոն եղանակով իրականացվում է: Քննարկվել է նաև հացի խոշոր արտադրամասերին այլընտրանքային վառելիքով և էներգիայի սնուցման այլ միջոցներով ապահովելու հնարավորությունը:

Պետնախարարը ևս մեկ անգամ ընդգծել է հանրությանը պատշաճ տեղեկատվության տրամադրման կարևորությունը:

Հիշեցնենք, որ քաղաքացիների հետ հետադարձ կապի ապահովման համար շուրջօրյա ռեժիմով գործում է թեժ գիծ՝ Արցախից 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: