Բավ է պառակտվել
27-03-2023 18:43

Արցախում քննարկվել են քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցեր

Երկուշաբթի օրը Ստեփանակերտում մի շարք պաշտոնյաների մասնակցությամբ քաղաքացիական պաշտպանության հարցերով խորհրդակցություն է տեղի ունեցել, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Քննարկվել է մի խումբ հարցեր կառավարության որոշմամբ իրավակարգավորման ենթարկելու անհրաժեշտությունը, ծրագրվել է ամբողջությամբ վերանայել ռազմական դրության ժամանակ զինապարտ քաղաքացիներին անվանական ամրագրման առկա մոտեցումը, նախատեսվել է կառավարության որոշմամբ սահմանել այն մասնագիտությունները և ծառայությունները, որոնց տիրապետող կամ որոնք մատուցող անձինք կարող են ներգրավվել քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին, պլանավորվել է ամբողջությամբ օգտագործել արցախյան պատերազմի վետերանների, հաշմանդամների ու այլ անձանց հնարավորություններն այնպես, որպեսզի ամբողջությամբ վերացվի քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին զինապարտ քաղաքացիներին ներգրավելու անհրաժեշտությունը:

Քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին ներգրավված յուրաքանչյուր անձ առաջիկայում կստանա համապատասխան քարտ, որում նշված կլինի նրա դերը, առաջադրված խնդիրը և պարտականությունները:

Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանում է գազի մատակարարումն Արցախ։ Հունվարի 9-ից չի գործում Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչի պատճառով էլ Արցախում հունվարի 11-ից հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։
Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։