Բավ է պառակտվել
03-08-2022 22:39

Արցախում զոհվել է 2 պայմանագրային զինծառայող, 14-ը՝ ստացել վիրավորում․ ՊՆ

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկու պայմանագրային զինծառայողի մահվան և 14 զինծառայողի վիրավորում ստանալու մասին։

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ևս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Լարվածության սրում շփման գծում

Օգոստոսի 1-ին՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից վիրավորում է ստացել մեկ զինծառայող, ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 3-5 զոհ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով 2022թ․ օգոստոսի 3-ից հայտարարվել է մասնակի զորահավաք: