Բավ է պառակտվել
15-12-2022 22:59

Արցախում զգուշացրել են հզորությունների հնարավոր սղության մասին և հորդորել խնայել էլեկտրաէներգիան

Արցախի ներկայիս էներգետիկ պաշարները ապահովում են ներքին սպառման միայն 57 տոկոսը, մնացածը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից` միայն մեկ` «Շինուհայր-Ստեփանակերտ» 110կվ օդային գծով: Այս մասին ասվում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 44֊օրյա պատերազմի արդյունքում տվյալ գծի մի զգալի մասը անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով, ինչը խոչնդոտում է գծի լիարժեք սպասարկմանը և, բնականաբար, պարունակում է համապատասխան ռիսկեր՝ ցանկացած վթար կարող է անդրադառնալ էներգամատակարարման համակարգի վրա:

«Իսկ եթե դա տեղի ունենա, ապա Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում կառաջանա հզորության դեֆիցիտ և ստիպված կլինենք անցնել հովհարային անջատումների»,- պարզաբանել են նախարարությունից։

Պայմանավորված գազամատակարարման դադարեցմամբ, ինչպես նաև ներկա ջեռուցման ժամանակաշրջանից, կտրուկ բարձրացել է օդային գծերի ծանրաբեռնվածության աստիճանը:
Հետագայում վթարային անջատումներից խուսափելու համար բնակչությունը պետք է հնարավորինս խնայողաբար օգտագործի էլեկտրական էներգիան, ինչի համար անհրաժեշտ է. բոլորր շիկացման լամպերը փոխարինել ԼԵԴ լամպերով, լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բնակելի տների ջերմամեկուսացման ուղղությամբ, ջեռուցիչները միացնել ավելի ցածր ջերմաստիճանի վրա, տնից դուրս գալիս անջատել վարդակից բոլոր սարքերը։
Լաչինի միջանցքում և Արցախում տիրող իրավիճակի մասին

Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը փաստացի շրջափակման մեջ է, խախտվել են երկրի 120 հազար բնակչի իրավունքները։ Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ադրբեջանական կողմից իբր «էկոլոգիական նկատառումներով» երկկողմանի արգելափակված է։ Արդյունքում ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախ գազամատակարարումը, ինչի արդյունքում հանրապետությունն անցել է ռեսուրսների առավելագույն խնայողության ռեժիմի՝ բենզինի, դիզվառելիքի և գազի դեֆիցիտի պատճառով։