Բավ է պառակտվել
10-06-2022 20:14

Արցախում բացահայտվել է պետական դավաճանության դեպք՝ հօգուտ օտարերկրյա հատուկ ծառայությունների (տեսանյութ)

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք, տեղեկացվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։

ԱԱԾ-ն տեղեկություն է ստացել, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Լ.Գ.-ն,հանդիսանալով զինծառայող՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով կապ է հաստատել օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցի կողմից օգտագործվող հայ աղջկա անունով բացված օգտահաշվի հետ, ինչից հետո, որոշակի ժամանակահատված նրա հետ շփվելուց հետո, վերջինիս կողմից բանկային փոխանցման միջոցով ստացել է 150 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց նրան է հայտնել ռազմական բնույթի որոշակի տեղեկություններ։

Այս աղջկա միջնորդությամբ 2021 թվականի փետրվարից բջջային հեռախոսի հավելվածի միջոցով շարունակել է շփումը օտարերկրյա հետախուզական ծառայության մեկ այլ ներկայացուցչի հետ և, շառայության բերումով տիրապետելով ՊԲ/Ն/զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության հետ կապված այլ տեղեկությունների՝ օտարերկրյա հետախուզության սպայի հանձնարարությամբ, 2021 թվականի մարտից մինչև 2022 թվականի մայիսը հավաքել և բջջային հավելվածի միջոցով նրան է փոխանցել պետական ​​և ռազմական գաղտնիք կազմող տեղեկություններ, մասնավորապես՝
զորակոչի, զորամասի զրահատեխնիկայի, տրանսպորտային միջոցների, մարտական ​​դիրքերի, զորամասի տեղակայման և շենքերի դասավորվածության, զորամասի կարգացուցակների, Արցախի շրջաններում այլ և նրա տարածքում գտնվող շինությունների գտնվելու վայրի, զորամասի ռեժիմի, ինչպես նաև Արցախի այլ զորամասերի և Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի վերաբերյալ։ Դրա դիմաց նա օտարերկրյա պետության հատուկ ծառայության աշխատակցից բանկային փոխանցման միջոցով ստացել է ևս 1400 դոլար վարձատրություն, այդպիսով վնաս հասցնելով Արցախի տարածքային անձեռնմխելիությանն ու արտաքին անվտանգությունը։

Լ.Գ.-ն օտարերկրյա հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներից կողմից ընդհանուր առմամբ վարձատրվել է 1550 ԱՄՆ դոլարով։
Փաստի առթիվ Արցախի ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով (Պետական դավաճանություն)։ Լ.Գ.-ն ձերբակալվել և տվել խոստովանական ցուցմունք։ Նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով։